Ուրանի 4 մեծ արբանյակների վրա հնարավոր է ջուր լինի, 2-ի վրա այն կարող է բավական տաք լինել կյանքի ապահովման համար

5 մայիսի, 2023  22:11

Ուրանի հինգ մեծ արբանյակներից չորսի վրա հնարավոր է ջուր լինի՝ օվկիանոսի շերտի տեսքով միջուկների և արտաքին սառցե ընդերքի միջև: Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ կրկնակի վերլուծելով NASA-ի Voyager տիեզերական զոնդի տվյալները:

Սա առաջին ուսումնասիրությունն է, որը մանրամասն նկարագրում է Ուրանի բոլոր հինգ մեծ արբանյակների (Արիել, Ումբրիել, Տիտանիա, Օբերոն և Միրանդա) ներքին կազմն ու կառուցվածքի էվոլյուցիան: Ընդհանուր առմամբ, Ուրանի շուրջը պտտվում է առնվազն 27 արբանյակ։ Դրանցից ամենամեծը Տիտանիան է՝ 1580 կմ տրամագծով, իսկ ամենամեծ արբանյակների քառյակը եզրափակում է Արիելը՝ 1160 կմ տրամագծով։ Եվ այս չորս արբանյակների վրա, ըստ գիտնականների, կարող են լինել օվկիանոսներ, որոնց խորությունը կարող է հասնել տասնյակ մղոնների։

Գիտնականները վաղուց ենթադրում էին, որ Տիտանիան, հաշվի առնելով դրա մեծ չափերը, ամենայն հավանականությամբ կկարողանա պահպանել ռադիոակտիվ քայքայման հետևանքով առաջացած ներքին ջերմությունը: Նախկինում համարվում էր, որ մյուս բոլոր արբանյակները չափազանց փոքր են իրենց ջերմությունը պահպանել կարողանալու համար, ինչն անհրաժեշտ է, որպեսզի ներքին օվկիանոսը չսառչի։

Նախկինում գիտնականներն օվկիանոսների մասին ապացույցներ են գտել մի քանի անհավանական վայրերում, ներառյալ գաճաճ մոլորակներում, ինչպիսիք են Ցերեսը և Պլուտոնը և Սատուրնի արբանյակ Միմասը: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող է ջուրը պահպանվել նման օբյեկտներում:

Նրանք վերանայել են 1980-ականներին Ուրանի շուրջը Voyager 2-ի արած թռիչքների արդյունքները, այնուհետև NASA-ի Galileo, Cassini, Dawn և New Horizons տիեզերանավերից ստացված լրացուցիչ տվյալների հիման վրա կառուցել են համակարգչային մոդելներ։ Այդ տվյալները ներառում են տեղեկություններ Սատուրնի արբանյակ Էնցելադուսի, Պլուտոնի և նրա արբանյակի Քարոնի և Ցերերայի քիմիական բաղադրության և երկրաբանական կառուցվածքի մասին: Այս բոլոր սառցե օբյեկտներն ունեն մոտավորապես նույն չափերը, ինչ Ուրանի արբանյակները:

Հետազոտողները կիրառել են սիմուլյացիաներ, որպեսզի դրանց միջոցով պարզեն, թե խտության ինչ աստիճան կարող են ունենալ Ուրանի արբանյակների մակերեսները: Պարզվել է, որ դրանց մակերեսի բաղադրիչները, հավանաբար, բավականաչափ մեկուսացված են միմյանցից և հետևաբար չեն կարող պահպանել օվկիանոսը փրկելու համար անհրաժեշտ ներքին ջերմությունը: Բացի դրանից, գիտնականները հայտնաբերել են ջերմության պոտենցիալ աղբյուր լուսնի քարքարոտ միջնապատյանում, որն արձակում է տաք հեղուկ և օգնում օվկիանոսին տաք միջավայր պահպանել. դա կարող է տեղի ունենալ Տիտանիայի և Օբերոնի վրա: Գիտնականների կարծիքով, հնարավոր է, որ այդ արբանյակների վրա օվկիանոսներն այնքան տաք լինեն, որ տեսականորեն դրանց մեջ կյանք կարող է գոյություն ունենալ։

Հետաքրքիր է, որ աստղադիտակներից ստացված տվյալների համաձայն, առնվազն Արիելը պարունակում է նյութ, որը համեմատաբար վերջերս է հոսել իր մակերեսի վրա, հնարավոր է, սառցե հրաբուխներից:

Ուրանի հինգերորդ ամենամեծ արբանյակը՝ Միրանդան, ևս ունի մակերեսային առանձնահատկություններ, որոնք ենթադրում են, որ ինչ-որ պահի այն կարող էր բավականաչափ ջերմություն ապահովել իր մակերևույթի վրա օվկիանոսը պահպանելու համար: Այնուամենայնիվ, ջերմային վերջին մոդելավորումը ցույց է տվել, որ Միրանդան հազիվ թե կարողանար ջուրը երկար ժամանակ պահպանել:

Այնուամենայնիվ, արբանյակի կամ մոլորակի ներքին ջերմությունը ստորգետնյա օվկիանոսի վրա ազդող միակ գործոնը չէ: Ըստ հետազոտողների՝ քլորիդները, ինչպես նաև ամոնիակը, հավանաբար, առատ են սառցե հսկայի ամենամեծ արբանյակների օվկիանոսներում, իսկ ամոնիակը, ինչպես հայտնի է, գործում է որպես հակասառեցման միջոց: Բացի դրանից, մոդելավորումը ցույց է տալիս, որ ջրում առկա աղերը ևս կարող են հակասառեցնող ազդեցություն ունենալ:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ