ՀՊՏՀ-ն կօգտվի ձեռնարկատիրական հավելվածների աշխարհի խոշորագույն մատակարար SAP-ի ծրագրային լուծումներից

12 հոկտեմբերի, 2022  18:07

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և ձեռնարկատիրական հավելվածների աշխարհի խոշորագույն մատակարար SAP-ի  SAP CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոն համագործակցության պայմանագիր են կնքել։

Ըստ այդմ՝ ՀՊՏՀ-ն դաշինքին կմիանա որպես լիիրավ անդամ և կկարողանա դասավանդման գործընթացում օգտագործել SAP-ի ծրագրային լուծումները, ինչպես նաև իրականացնել ակադեմիական հետազոտություններ:

Ողջունելով ՀՊՏՀ-ի հետ համագործակցության խոստումնալից մեկնարկը՝ Ալեքսանդր Մետեչկոն համոզմունք հայտնեց, որ պայմանագիրը համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետ հարթակ կհանդիսանա։

«SAP-ն ակտիվորեն ներդրումներ է կատարում ՏՏ կրթության ոլորտում։ Մեր հիմնական նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաներն իսկապես հասանելի դարձնել ուսանողներին, որպեսզի մրցակցային շուկա մտնելիս նրանք կարողանան աշխատել ցանկացած նորարար լուծումներով, ոչ միայն աշխատել, այլ նաև ստեղծել նոր սցենարներ՝ օգտագործելով աշխարհի լավագույն փորձը», - ասաց Ալեքսանդր Մետեչկոն։

SAP and ASUE

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ընկերության տարածաշրջանային տնօրենին ներկայացրեց փոխգործակցության հնարավոր ուղիների վերաբերյալ Տնտեսագիտական համալսարանի տեսլականը, հավաստելով, որ ՀՊՏՀ-ի և SAP-ի համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի։

«Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունն ուրախ է այս ծանրակշիռ համագործակցությամբ աշխարհի ավելի քան 3100 առաջատար բուհերի համայնքին միանալու առիթով։ Կրթության և առաջընթացի արդի միտումները հավաստում են՝ որևէ մասնագիտություն լիարժեք չէ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների, հատկապես՝ տնտեսության և բիզնեսի ոլորտին վերաբերող գիտելիքի։ Համոզված եմ, որ SAP համալսարանական դաշինքի հետ համագործակցությամբ մեր դասախոսներն ու ուսանողները կկարողանան ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեր կողմից առաջարկվող նորարարական լուծումներին, ինչը հնարավորություն կտա զարգացնելու նրանց հմտությունները և պատրաստելու ավելի մրցունակ մասնագետներ», - ասաց Դիանա Գալոյանը։

Նշենք, որ պայմանագրով ՀՊՏՀ-ն հնարավորություն կունենա SAP-ի կուտակած միջազգային լավագույն փորձի հիման վրա ուսուցանել, բարձրացնել դասավանդողների որակավորումը և հետազոտական աշխատանքներ կատարել։ Ուսանողներին և դասախոսներին հասանելի կլինեն SAP ուսուցման համակարգերը, ծրագրային լուծումները:

ՀՊՏՀ-ն նախատեսում է նաև մասնակցել SAP Innovations Challenges ծրագրին, որն իրականացվում է SAP ինովացիոն կենտրոնների ցանցի կողմից:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին մշտապես քննարկել և մշակել համագործակցության առավել արդյունավետ այլ ձևաչափեր ևս` ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ