iPhone-ներում նոր հավելված կհայտնվի․ ինչի՞ համար է այն

24 ապրիլի, 2023  18:22

Apple-ը նախատեսում է iPhone հեռախոսներում թողարկել անձնական օրագրի հավելված, որը թույլ կտա օգտատերերին արձանագրել իրենց գործունեությունը և նշումներ անել: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, նոր հավելվածը կկոչվի Jurassic:

Հավելվածը կթողարկվի անձնական օրագրեր կատեգորիայում։ Ըստ պարբերականի՝ սրանով Apple-ը փորձում է ընդլայնել իր ներկայությունը այն տեխնոլոգիաների շուկայում, որոնք օգնում են հոգ տանել մարդկանց ֆիզիկական և մտավոր առողջության մասին։ Նախկինում ընկերության ջանքերն այս ուղղությամբ կենտրոնացած էին Apple Watch-ի վրա։

Հավելվածը հասանելիություն կունենա օգտատերերի զանգերին և հաղորդագրություններին և նրանց կօգնի հետևել, թե ինչպես են անցկացնում յուրաքանչյուր օրը: Այն կվերլուծի iPhone-ի տերերի վարքագիծը, հաշվի կառնի, թե նրանք սովորաբար որքան ժամանակ են անցկացնում տանը, և արդյոք եղել են նորմայից շեղող իրադարձություններ։

Միաժամանակ գաղտնիությունը կլինի բարձր մակարդակի վրա․ հավաքված ամբողջ տվյալները կպահվեն սմարթֆոնում և ինքնաբերաբար կջնջվեն չորս շաբաթ անց: Գործարկումից հետո Jurassic-ը կտեղադրվի յուրաքանչյուր iPhone-ում՝ օպերացիոն համակարգի թարմացման միջոցով։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Apple-ը հավանաբար գործում է հետևյալ սխեմայով․ նախ ընկերությունը ծրագրավորողներին թույլ է տալիս մուտք գործել իր հարթակ, այնուհետև կառուցում է իր սեփական հավելվածը, որը կրկնօրինակում է արդեն գոյություն ունեցող հայտնի հավելվածներին, ինչպիսին է, օրինակ՝ Day One-ը: Երբեմն այդ հավելվածներին հասանելիությունը լինում է անվճար: Դեռ պարզ չէ՝ արդյոք Apple-ը պատրաստվում է նոր հավելվածը դարձնել վճարովի։

Ընկերությունը դեռ չի մեկնաբանել նոր հավելվածի մշակումը։ Apple-ը նախկինում հայտարարել է, որ հարգում է մտավոր սեփականությունը և չի կրկնօրինակում այլ ընկերությունների մշակումները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Apple-ը iOS 17-ում առաջին անգամ iPhone-ի օգտատերերին թույլ կտա իրենց սարքերում տեղադրել հավելվածներ ոչ միայն App Store-ից, այլ նաև երրորդ կողմի մշակողներից: Ընկերությունն այս քայլին է գնացել թվային շուկաների ԵՄ նոր օրենսդրության (DMA) պատճառով, որն ուժի մեջ է մտել 2022-ի նոյեմբերի 1-ից։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ