NASA-ի չաշխատող արբանյակն ընկել է Երկրի վրա. որտե՞ղ է այն վայրէջք կատարել և արդյո՞ք վնաս պատճառել է

21 ապրիլի, 2023  19:24

NASA-ի չշահագործվող տիեզերանավը, որը կոչվում է RHESSI (Reuven Ramaty High Energy Solar Spectroscopic Imager) մտել է Երկրի մթնոլորտ և մասամբ այրվել Սահարա անապատում: Հաղորդվում է, որ արբանյակից մնացած բեկորներն ընկել են Սուդանի և Եգիպտոսի սահմանի մոտ:

Ըստ ԱՄՆ զինվորականների տվյալների՝ 2023-ի ապրիլի 20-ին՝ Երևանի ժամանակով 04:21-ին, 270 կգ կշռող արբանյակը Երկրի մթնոլորտ է մտել Սահարա անապատայի շրջանում՝ մոտ 26 աստիճան երկայնության և 21,3 աստիճան լայնության վրա, տեղեկացնում է Space.com-ը։

Աստղաֆիզիկոս և արբանյակային հետագծման մասնագետ Ջոնաթան Մակդաուելը Twitter-ում գրել է, որ արբանյակի մնացորդները վայրէջք են կատարել Սուդանի և Եգիպտոսի սահմանին մոտ հատվածում։ Նրա խոսքով՝ ընկնելու պահին RHESSI-ն շարժվելիս է եղել դեպի հյուսիս-արևելք։

NASA-ն նշել է, որ դեռ տեղեկություններ չի ստացել այն մասին, որ սարքի անկման հետևանքով վնաս է հասցվել կամ որևէ մեկը վնասվածք է ստացել։

RHESSI-ն Երկրի ցածր ուղեծիր է արձակվել Pegasus XL հրթիռով 2002-ի փետրվարին: Սարքն օգնել է ուսումնասիրել արեգակնային բռնկումները և պսակի զանգվածի արտանետումները՝ օգտագործելով ռենտգենյան ճառագայթների և գամմա ճառագայթների նկատմամբ զգայուն սպեկտրոմետր: Առաքելության ընթացքում արձանագրվել է ավելի քան 100,000 իրադարձություն ռենտգենյան տիրույթում, որոնք օգնել են ավելի լավ հասկանալ Արեգակի վրա կատարվող երևույթները։ RHESSI-ն շահագործումից հանվել է 2018-ին:


 
 
 
 
  • Արխիվ