Նիդեռլանդներում անօրինական է ճանաչվել աշխատողին հսկելու համար տեսախցիկը միացրած պահելու պահանջը

11 հոկտեմբերի, 2022  16:20

Նիդեռլանդներում դատարանը անօրինական է համարել վեբ-տեսախցիկը միացված պահելու վերաբերյալ աշխատողին գործատուի ներկայացրած պահանջը։ Դատարանը նաև վճռել է, որ ապօրինի է աշխատողից պահանջել, որպեսզի նրա համակարգչում տեղադրվի ծրագիր, որը նրան կնկարահանի աշխատանքի ընթացքում։

«Տեսախցիկով օրական ութ ժամ հետևելը անհամաչափ է և անթույլատրելի Նիդեռլանդներում: Աշխատավայրում աշխատողի տեսահսկումը, անկախ այն բանից՝ քողարկված է դա, թե ոչ, պետք է դիտարկվի որպես աշխատողի անձնական կյանքի նկատմամբ էական ոտնձգություն (…) և հետևաբար [դատարանը] գտնում է, որ դա միջամտություն է [Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի] 8-րդ հոդվածի իմաստով», - ասվում է դատարանի որոշման մեջ։

Դատական գործընթացն սկսվել է այն բանից հետո, երբ Chetu ծրագրային ապահովման ընկերությունն աշխատանքից ազատել է աշխատակցին, որը հրաժարվել է աշխատանքի ութ ժամերի ողջ ընթացքում վեբ-տեսախցիկը միացված պահել։

Խոսքն աշխատողի գործունեությանը հետևող և արդեն դասական դարձած պրակտիկայի մասին է, որն ակտիվորեն օգտագործում են աութսորսինգով զբաղվող ընկերությունները, որպեսզի վերահսկեն հեռավար աշխատողներին։ Աշխատողի համակարգչում տեղադրվող ծրագիրը կարող է ուղիղ հեռարձակում ապահովել վեբ-տեսախցիկից, ինչպես նաև պատահական պահերի լուսանկարում է աշխատակցին, ֆիքսում է, թե ինչ է տվյալ պահին էկրանին և կարող է հետևել, թե որքան ժամանակ են էկրանին ակտիվ հավելվածները միացված, հաշվել, թե որքան ժամանակ է աշխատողն աշխատել ստեղնաշարով և այլն:

Վերահսկող այս ծրագրերի օգտագործումը ՏՏ ոլորտում վաղուց է արժանացել աշխատակիցների քննադատությանը։ Մինչդեռ գործատուներն իրենց հերթին պնդում են, որ ժամավճարի մոդելն օգտագործելիս իրենց համար կարևոր է հասկանալ, որ մարդն իրականում աշխատում է, և ոչ թե վարձատրվում հեռուստահաղորդումներ կամ YouTube-ով տեսանյութեր դիտելու համար։

Այս ծրագրերից մի քանիսը ավելի «փափուկ» տարբերակով են աշխատում և միայն ստուգում են, թե արդյոք մարդն աշխատավայրում է, թե ոչ։ Սակայն կան ծրագրեր, որոնք պատրաստված են «Մեծ եղբոր» լավագույն ավանդույթներով և ձայնագրում ու ֆիքսում են այն ամենը, ինչ կարող են: Ընդ որում, նման ծրագրերն օգտագործվում են ոչ միայն հեռահար աշխատանքի ժամանակ, այլ նաև գրասենյակներում։

Ես ինձ հարմարավետ չեմ զգում, երբ օրական ինը ժամ վերահսկվում եմ տեսախցիկով: Սա ներխուժում է իմ անձնական կյանք, և դա ինձ ստիպում է շատ անհարմար զգալ: Հենց այդ պատճառով էլ ինձ մոտ տեսախցիկը միացված չէ։

Ծրագրավորողը փաստացի համաձայնել է, որ գործատուն կարող է մուտք ունենալ իր համակարգչի էկրանին. սա աշխատանքային գործունեությունը վերահսկելու արդար և բավականին ոչ անձնական միջոց է, որը, ծրագրավորողի կարծիքով, միանգամայն բավարար կլինի իրեն վերահսկելու համար: Այնուամենայնիվ, Chetu ընկերության չափանիշները պահանջում էին նաև մարդու տեսողական վերահսկողություն:

Արդյունքում Նիդեռլանդների դատարանը վճռել է, որ «միշտ միացված վեբ-տեսախցիկի վերաբերյալ հրահանգները հակասում են աշխատակիցների գաղտնիության իրավունքին»։ Դատարանի վճռում ասվում է, որ նման պահանջն անընդունելի է Նիդեռլանդների համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ