Իլոն Մասկը և արհեստական բանականությունը․ ինչո՞ւ է նա քննադատում ԱԲ-ն և ստեղծում ընկերություն, որը պետք է դրանով զբաղվի

18 ապրիլի, 2023  18:26

Հայտնի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ արհեստական ​​բանականության (ԱԲ) զարգացումը կարող է սպառնալ մարդկության կործանմանը։ Մյուս կողմից, նա վերջերս բացել է X.AI ընկերությունը, որը կենտրոնանալու է ԱԲ-ի զարգացման վրա։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է ստեղծել նաև չատբոտ՝ «ճշմարտությունը որոնելու համար» և նույնիսկ դրա համար անուն է հորինել՝ TruthGPT։

Արդյո՞ք ԱԲ-ն կարող է ոչնչացնել մեզ

Իլոն Մասկը կարծես հավատում է դրան։ Համենայն դեպս, նա այսպիսի կարծիք է հայտնել Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ ԱԲ-​ն «քաղաքակրթությունը ոչնչացնելու ներուժ ունի», և նման բան արդեն ցուցադրվել է «Տերմինատոր» ֆիլմերում։

«Բայց ամեն ինչ չի լինի այնպես, ինչպես «Տերմինատոր»-ում, քանի որ բանականությունը կլինի տվյալների կենտրոններում: Ռոբոտները կլինեն միայն վերջնական գործոնը»,- ասել է Մասկը:

Նրա կարծիքով՝ ամեն ինչ գնում է նրան, որ ԱԲ-ն մարդկանց փոխարեն որոշումներ է կայացնելու, և մի օր կարող է պարզվել, որ մարդիկ այլևս ի վիճակի չեն լինի այն անջատել։ Խնդիրն այն է, որ, ինչպես ցույց է տալիս փորձը, այս կամ այն ​​ոլորտում սահմանափակումները սովորաբար մտցվում են «միայն այն բանից հետո, երբ ինչ-որ վատ բան է տեղի ունենում»: Այս դեպքում, եթե ԱԲ-ի պատճառով սկսեն խնդիրներ առաջանալ, ապա սահմանափակումներ մտցնելու համար արդեն կարող է շատ ուշ լինել։

«Կառավարության կողմից վերահսկողության որոշակի ձև է անհրաժեշտ, քանի որ այն [ԱԲ-ն, խմբ․] վտանգ է ներկայացնում մարդկանց համար»,- ասել է Մասկը:

Վերջերս նա նաև բաց նամակ է ստորագրել՝ կոչ անելով դադարեցնել առաջադեմ ԱԲ-ի զարգացումը: Այդ նամակը ստորագրել են նաև հազարավոր գիտնականներ, ԱԲ փորձագետներ և ոլորտի առաջատարներ։

ԱԲ զարգացնող ևս մեկ ընկերություն

Թեև Մասկը, առաջին հայացքից, զգուշանում է ԱԲ-ից, նա վերջերս գրանցել է X.AI ընկերությունը, որը կենտրոնանալու է ԱԲ-ի զարգացման վրա: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ X.AI Corp.-ը գրանցված է Նևադայում, և ընկերության անվանումն անուղղակիորեն ցույց է տալիս դրա հետագա գործունեության շրջանակը:

Իլոն Մասկը ներկայումս նշված է որպես X.AI-ի միակ տնօրեն, իսկ նրա ընտանիքի մենեջեր Ջարեդ Բիրչալը ընկերության անվանական ղեկավարն է: Նա նաև ղեկավարում է Մասկի Neuralink ստարտափը, որը պետք է իմպլանտներ ստեղծի մարդու ուղեղը համակարգչին «միացնելու» համար։ Մինչ այժմ, սակայն, ընկերությունը քիչ բանի է հասել, իսկ մշակման փուլում գտնվող իմպլանտները մարդկանց վրա փորձարկել ստարտափին թույլ չեն տալիս։

Հետաքրքիր է, որ Մասկը OpenAI ընկերության հիմնադիրներից էր, որը մշակել է հանրահայտ ChatGPT-ն: Սակայն ընկերության ներկայիս ղեկավար Սեմ Ալթմանի հետ կոնֆլիկտի պատճառով Մասկը լքել է ընկերությունը 2018-ին։ Ասում են, որ ավելի ուշ նա ցանկացել է ընկերությունում ներդրում անել, սակայն նրա առաջարկը մերժվել է։ Ինքը՝ Մասկը, սկսեց քննադատել ChatGPT-ը՝ այն որակելով քաղաքականապես կողմնակալ։

Վերջերս Մասկը աշխատանքի է ընդունել ԱԲ-ի մասնագետ Իգոր Բաբուշկինին, որն աշխատում էր DeepMind Lab-ում։ Նա փորձել է նաև OpenAI-ի մի քանի աշխատակիցների ևս բերել իր մոտ աշխատանքի, և այս ամենը միայն հաստատում է նրա հետաքրքրվածությունը ԱԲ թեմայով։ Եվ, հետևաբար, ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ, ի վերջո, նա որոշել է բացել սեփական ընկերությունը, որը կզարգացնի ԱԲ։

Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է մշակվելու այնտեղ։ Հնարավոր է, որ դա լինի ԱԲ, որն օգտագործվում է Tesla-ի էլեկտրական մեքենաների ավտոպիլոտի համակարգում: Միգուցե դա լինի գեներատիվ ԱԲ, որը կինտեգրվի Twitter-ին։ Հնարավոր է նաև, որ դա լինի բոլորովին նոր ու անսպասելի մի բան, որը դեռ դժվար է պատկերացնել։

ԱԲ․ արդյո՞ք այն միակ հույսն է ճշմարտության ճանապարհին

Fox News-ին տված հարցազրույցում Մասկն ասել է, որ կցանկանար այլընտրանք ստեղծել հանրահայտ ChatGPT չատբոտին և այն անվանել, ինչպես վերը նշվեց, TruthGPT: Նրա պլանի համաձայն՝ դա կլինի «ճշմարտության որոնմանը» ուղղված ԱԲ։

Նրա խոսքով՝ դա պետք է լինի ԱԲ-ի համակարգ, որը ձգտում է հասկանալ մարդկությանը, և դրանով իսկ քիչ հավանական է, որ կարողանա ոչնչացնել այն: TruthGPT-ն, նրա կարծիքով, կարող է դառնալ «երրորդ տարբերակ» օգտատերերի համար, որոնք ընտրության առաջ կկանգնեն OpenAI-ի ChatGPT-ի և Alphabet/DeepMind մշակումների միջև։

TruthGPT-ի նպատակներից մեկը, ըստ Մասկի, կլինի «տիեզերքի էությունը հասկանալը»: Ինչպես նշել է ինքը՝ միլիարդատերը, «սա կարող է լինել անվտանգության լավագույն երաշխիքը, քանի որ եթե ԱԲ-ն մտածում է տիեզերքը հասկանալու մասին, ապա դժվար թե սկսի ոչնչացնել մարդկանց, չէ՞ որ մենք դրա հետաքրքիր մասն ենք»։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ