Գիտնականները հետաքրքիր ռադիոազդանշաններ են ստացել էկզոմոլորակից, որը նման է Երկրին. ի՞նչ կարող են դրանք լինել

18 ապրիլի, 2023  22:03

Մագնիսական դաշտը շատ կարևոր դեր է խաղում Երկրի և նրա վրա ապրող էակների համար. այն պաշտպանում է մեզ արեգակնային ճառագայթումից, ազդում կլիմայի և եղանակի վրա, բացի դրանից, դրա շնորհիվ աշխատող կողմնացույցի սլաքներն ուղղված են դեպի հյուսիս։ Գեղեցիկ բևեռափայլերի համար ևս «պատասխանատու» է մոլորակի մագնիսական դաշտը նաև։

Արեգակնային համակարգի մյուս մոլորակները նույնպես ունեն մագնիսական դաշտեր։ Գիտնականները, սակայն, չեն բացառում, որ նման դաշտեր կարող են ունենալ որոշ շատ ավելի հեռավոր մոլորակներ։ Նյու Մեքսիկոյում գտնվող Very Large Array (VLA) ռադիոաստղադիտակների միջոցով վերջերս արված դիտարկումները պարզել են, որ մագնիսական դաշտի առկայության մասին ապացույցներ կան YZ Ceti b քարքարոտ վրա, որը պտտվում է իր աստղի շուրջ Երկրից մոտ 12 լուսատարի հեռավորության։ Nature Astronomy ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սա մագնիսական դաշտի առաջին հնարավոր հայտնաբերման դեպքն է արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակի վրա:

«Այս ուսումնասիրությունը ոչ միայն ցույց է տալիս, որ կոնկրետ այս քարքարոտ էկզոմոլորակը, հավանաբար, ունի մագնիսական դաշտ, այլև գիտնականներին ընձեռում է խոստումնալից մեթոդ, որով կարող են գտնել մագնիսական դաշտեր ունեցող ավելի շատ մոլորակներ»,- ասել է հետազոտության հեղինակ, ԱՄՆ Ազգային ռադիոաստղագիտական ​​աստղադիտարանի (NRAO) տնօրեն Ջո Պեսկեն:

Առանց մագնիսական դաշտի մոլորակը, ըստ գիտնականների, չի կարող բնակելի լինել. եթե այդ դաշտը չլինի, ապա Արեգակի էներգիայի մասնիկները կարող են ոչնչացնել մոլորակի մթնոլորտը և զրկել այն գազային թաղանթից, որն անհրաժեշտ է կյանքի պահպանման համար: Պեսկեի խոսքով՝ այլ համակարգերում պոտենցիալ բնակելի կամ բնակելի մոլորակներ գտնելը մասամբ կախված է որոշելու հնարավորությունից, թե արդյոք Երկրի նման քարքարոտ էկզոմոլորակներն իրականում մագնիսական դաշտեր ունեն։

YZ Ceti b-ը բնակելի մոլորակ չէ. այն շատ մոտ է իր աստղին, որպեսզի մոլորակի ջերմաստիճանը նպաստավոր լինի կյանքի համար։ Ավելին, ուղեծրով դրա պտտման արագությունն այնքան մեծ է, որ այս մոլորակի մեկ տարին հավասար է Երկրի վրա երկու օրվա: Սակայն գիտնականներին հաջողվել է այս մոլորակից հայտնաբերել ռադիոալիքներ, որոնք, ամենայն հավանականությամբ, առաջացել են այս մոլորակի մագնիսական դաշտից։

Գիտնականներն ասում են, որ մոլորակի մագնիսական դաշտը ետ է մղում էլեկտրական լիցքավորված պլազման դեպի իր աստղը, որն այնուհետև փոխազդում է աստղի սեփական մագնիսական դաշտի հետ՝ արձակելով էներգիայի պայծառ պոռթկումներ: Ըստ էության, թիմի դիտած ռադիոալիքները աստղի վրա բևեռափայլ է եղել, որը հավանաբար ստեղծվել է մոլորակի հետ փոխազդեցության արդյունքում:

«Եթե այս մոլորակն ունի իր սեփական մթնոլորտը, այն պետք է ունենա նաև բևեռափայլ»,- ասել է Կոլորադոյի Բոլդերի համալսարանի աստղագետ և նոր հետազոտության համահեղինակ Սեբաստիան Պինեդան:

Այնուամենայնիվ, գիտնականների թիմը 100%-ով վստահ չէ, որ նրանց դիտարկած աստղային փայլն ամբողջովին պայմանավորված է YZ Ceti b-ում տեղի ունեցող երևույթներով: Լրացուցիչ դիտարկումներ են անհրաժեշտ՝ հաստատելու համար, որ գիտնականների նկատած այս երևույթները կապված են քարքարոտ մոլորակի մագնիսական դաշտի հետ, և ոչ միայն բուն աստղի առանձնահատկությունների հետ։

Այնուամենայնիվ, թիմը շարունակում է հուսալ, որ այս հայտնագործությունները կարող են ապագայում բեկումնային լինել բնակելի այլ մոլորակներ որոնման հարցում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ