Apple-ի սարքերում նոր խնդիր է նկատվել․ ի՞նչ է այն և ի՞նչ է հնարավոր դրա հետ անել

17 ապրիլի, 2023  21:14

Այս ամիս Apple-ի առցանց ծառայություններում բազմաթիվ խափանումներ և սխալներ են հայտնաբերվել, և դրանցից մեկը նկատվել է բոլորովին վերջերս. Twitter-ի բազմաթիվ օգտատերերի և 9to5Mac-ի ընթերցողների հրապարակումների համաձայն՝ նրանց սարքերն սկսել են անընդհատ Apple ID-ի գաղտնաբառը պահանջել: Նույնիսկ այն մուտքագրելուց հետո համակարգը նշել է, որ նույնականացումը հնարավոր չի եղել կատարել։

«Ինչո՞ւ է իմ Apple ID-ն պատահականորեն խնդրում մուտքագրել իմ գաղտնաբառը: Չեմ կարծում, որ դա նորմալ է»,- Twitter-ում բողոքել է օգտատերերից մեկը։

Այլ օգտատարեր Apple ID-ից դուրս գալուց հետո չեն կարողացել կրկին մուտք գործել իրենց օգտահաշիվներ։ Ինչ-որ մեկի մոտ «անհետացել» է Apple TV+-ի բաժանորդագրությունը՝ անհնարին դարձնելով հարթակի օգտագործումը։

Downdetector ռեսուրսը, իր հերթին, նույնպես հաստատում է, որ շատ օգտատերեր խնդիրներ են ունեցել Apple TV հավելվածում բովանդակություն դիտելիս:

Դեռ տեղեկություններ չկան այն մասին, թե քանի օգտատեր է բախվել այս խնդրին։ Այնուամենայնիվ, 9to5Mac-ը նկատել է, որ Twitter-ում Apple ID-ի վերաբերյալ գրառումները որոնելու դեպքում պարզ կդառնա, որ խնդիրների մասին բողոքների մեծ մասը գալիս է Բրազիլիայից և Ճապոնիայից։

Apple-ի կայքի System Status էջը, որտեղ տեղադրվում են ընկերության առցանց հարթակների հետ կապված խնդիրների մասին հաղորդագրություններ, չի նշում Apple ID-ի հետ կապված որևէ խնդիր: Կայքի տվյալներով՝ ընկերության բոլոր հարթակները ներկայումս հիանալի են աշխատում:

Առայժմ տվյալներ չկան այն մասին, թե ինչպես կարելի է շտկել այս սխալը. ամենայն հավանականությամբ, սա խնդիր է, որը պետք է լուծվի ընկերության մասնագետների, այլ ոչ թե օգտագործողի մակարդակով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ