Huawei-ը ներկայացրել է nova 11 Ultra էժան սմարթֆոնը․ այն ունի բնութագրեր, որոնցով ոչ բոլոր ֆլագմանները կարող են պարծենալ

17 ապրիլի, 2023  19:14

Huawei ընկերությունը ներկայացրել է nova 11 Ultra սմարթֆոնը, որը, չնայած իր ցածր գնին, ունի մի շարք առանձնահատկություններ և բնութագրեր, որոնցով ֆլագմանային ոչ բոլոր սարքերն այսօր կարող են պարծենալ։

Huawei nova 11 Ultra-ն, մասնավորապես, ունի արբանյակային կապի աջակցություն, ընդորում՝ երկկողմանի. դրա օգնությամբ կարելի է և՛ հաղորդագրություններ ստանալ, և՛ ուղարկել դրանք։ Կապի նման հնարավորություն չունի ո՛չ Xiaomi 13 Pro-ն, ո՛չ Galaxy S23 Ultra-ն։ Նման հնարավորություն կա iPhone 14-ում, սակայն այն միակողմանի է։

Նորույթն ունի նաև գերամուր Kunlun ապակի, որը հենց Huawei-ն է արտադրել. այն շատ ավելի ամուր է, քան ներկայումս հայտնի Gorilla Glass Victus/Victus 2-ը, որն օգտագործվում է ֆլագմանների մեծ մասում, և շատ թեստեր արդեն ապացուցել են դա. եթե հեռախոսն ընկնի կոշտ մակերեսի վրա, ինչպիսին բետոնն է, ապա Gorilla Glass ապակին կկոտրվի, իսկ Kunlun-ը, հավանաբար՝ ոչ։

Huawei nova 11 Ultra-ն նաև ունի փոփոխական բացվածքով ոսպնյակ ունեցող հիմնական տեսախցիկ, ինչպես դրոշակակիր Huawei P60 Pro/Art-ը և Xiaomi 13 Ultra-ն: Ասում են, որ Samsung Galaxy S24 Ultra-ն նույնպես կստանա նման ոսպնյակ, սակայն դա տեղի կունենա հաջորդ տարի։

Հիմնական տեսախցիկում ընդամենը երեք սենսոր կա.

  • RYYB պիքսելային դասավորությամբ (ինչպես Huawei-ի առաջատար սմարթֆոնների դեպքում է) 50 ՄՊ հիմնական և F/1.4-4.0 փոփոխական բացվածքով ոսպնյակ,
  • 8 ՄՊ սենսոր գերլայնանկյուն ոսպնյակ ունեցող մոդուլ,
  • 2 ՄՊ մոդուլ տեսարանի խորության վերլուծության համար:

Առջևի տեսախցիկը բաղկացած է հիմնական սենսորից (60 ՄՊ, 1/2,61 դյույմ օպտիկական ձևաչափ) և լրացուցիչ սենսորից (8 ՄՊ, որն աշխատում է հեռաֆոտո ոսպնյակի հետ, որն ապահովում է 2x օպտիկական և 5x թվային խոշորացում):

Ինչ վերաբերում է մնացած բնութագրերին, ապա սմարթֆոնն ստացել է 6,78 դյույմանոց OLED էկրան՝ 1,5K (2652 x 1200 պիքսել) լուծաչափով, կադրերի 120 Հց և PWM 1440 Հց հաճախականությամբ։

Սմարթֆոնն աշխատում է SoC Snapdragon 778G 4G-ով, ծրագրային հարթակը HarmonyOS 3 է։ Մարտկոցի հզորությունը 4500 մ/Աժ է, ունի 100 Վտ լարային լիցքավորման աջակցություն։

Սմարթֆոնի հաստությունը 7,99 մմ է, քաշը՝ 188 գրամ։ Առկա է երկու գույնով՝ սև և կանաչ։

Սմարթֆոնը ներկայացված է մեկ կոնֆիգուրացիայով՝ 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ։ Հեռախոսն արժե ընդամենը 655 դոլար, ինչը համարվում է բավականին ցածր գին նման բնութագրերի համար։


 
 
 
 
  • Արխիվ