Չինաստանը Արեգակն ու տիեզերական եղանակն ուսումնասիրելու նպատակով նոր արբանյակ է արձակել ուղեծիր

10 հոկտեմբերի, 2022  14:35

Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է արձակել նոր արբանյակ, որը կուսումնասիրի Արեգակն ու տիեզերական եղանակը։ Նոր արբանյակն ստացել է «Կուաֆու-1» մականունը՝ ի պատիվ հին չինական դիցաբանությունից հայտնի հսկայի: Նա հետապնդում էր արևին և հույս ուներ բռնել այն, իսկ արբանյակը կուսումնասիրի մեր աստղը՝ նրա մագնիսական դաշտը, բռնկումները, պլազմայի պայթյունները, ինչպես նաև տիեզերական եղանակի առանձնահատկությունները:

888 կգ կշռող արբանյակի պաշտոնական անվանումն է ASO-S (Advanced Space-Based Solar Observatory): Ներքին Մոնղոլիայի Ջիուուան տիեզերակայանից այն արձակվել է Long March 2D հրթիռով հոկտեմբերի 9-ին՝ Պեկինի ժամանակով ժամը 07:43-ին: Չինաստանի պետական ​​լրատվամիջոցների տվյալներով՝ արբանյակը հաջողությամբ արձակվել է իր թիրախային ուղեծիր՝ արեգակնային համաժամանակյա հետագծի վրա՝ Երկրից մոտ 720 կիլոմետր բարձրության վրա:

Երեք գործիքների օգնությամբ սարքը առնվազն չորս տարի կուսումնասիրի Արեգակի մագնիսական դաշտը, արեգակնային բռնկումները և կորոնային զանգվածի արտանետումները՝ պլազմայի պայթյունները, որոնք Արեգակից պոկվելուց հետո թռնում են մեծ արագությամբ։

Ե՛վ արևային բռնկումները, և՛ կորոնային զանգվածի արտանետումները կարող են ազդել Երկրի վրա. կորոնային զանգվածի հզոր արտանետումները, օրինակ, կարող են առաջացնել գեոմագնիսական փոթորիկներ, որոնք կարող են խաթարել էլեկտրացանցերի, ռադիոհաղորդակցության և GPS նավիգացիայի աշխատանքը:

coronal mass ejections

Ակնկալվում է, որ ASO-S-ն օրական կգեներացնի մոտ 500 գիգաբայթ տվյալներ. սովորական  պայմաններում այն ​​նկարներ կանի մի քանի վայրկյանը կամ րոպեն մեկ անգամ, իսկ արևային բռնկումների ժամանակ՝ առնվազն մեկ կադր վայրկյանում: Արբանյակից տվյալներ կստանան Սանյա, Կաշգար և Պեկին քաղաքների վերգետնյա կայանները, որոնք դրանք կուղարկեն Զիջինշանի աստղադիտարանի վերլուծության կենտրոն:

Տարվա ժամանակի 96%-ն արբանյակը կաշխատի․ արեգակնային համաժամանակյա ուղեծրում գտնվելու շնորհիվ այն, ի տարբերություն ցամաքային աստղադիտակների, կկարողանա Արեգակն ուսումնասիրել ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում արբանյակը կկարողանա հանգստանալ օրական 18 րոպե․ դրանք կլինեն այն պահերը, երբ Երկրի ստվերը թույլ չի տա արբանյակին տեսնել Արեգակը:

Գիտնականներն ակնկալում են, որ ստացված տվյալները հնարավորություն կտան պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է էներգիան տեղափոխվում արեգակնային մթնոլորտի տարբեր շերտերով, ինչպես նաև այն, թե ինչպես է արևային մագնիսական դաշտը ազդում բռնկումների և կորոնային զանգվածի արտանետումների էվոլյուցիայի վրա: Այս ամենը ապագայում կարող է օգնել՝ հեշտացնելու տիեզերական եղանակի կանխատեսումը, որն անհրաժեշտ է տիեզերքում արժեքավոր թռչող սարքերն ավելի արդյունավետ պաշտպանելու համար:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ