Ինչո՞ւ է օգտագործված iPhone 13 Pro-ն անսպասելիորեն թանկացել

10 հոկտեմբերի, 2022  12:33

Նոր iPhone 14 շարքի սմարթֆոնները մեծ պահանջարկ չունեն, և դա պարզ դարձավ դրանց թողարկումից հետո առաջին իսկ օրերից։ Դրանք ավելի վատ են վաճառվում, քան Apple-ի նախորդ տարվա սմարթֆոնները։ Ավելին, iPhone 14 շարքի թողարկումից հետո iPhone 13-ի պահանջարկը մեծացավ, ինչը հանգեցրեց վերջինիս թանկացմանը։ 

CounterPoint Research վերլուծական ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցյալ տարվա iPhone-ների գները, նույնիսկ օգտագործված և վերանորոգված հեռախոսների դեպքում, բարձրացել են միջինը 11%-ով: 2022 թ․ մոդելներին ծանոթանալուց հետո շատ օգտատերեր, համեմատելով դրանց դրական և բացասական կողմերը, գնացել և գնել են անցյալ տարվա մոդելները։ Ինչպես պարզվել է, գնորդների շրջանում ամենամեծ պահանջարկն ունեն iPhone 13 Pro և iPhone 13 Pro Max մոդելները։

Ինչո՞ւ մարդկանց դուր չեն գալիս iPhone 14-ները

Նոր iPhone-ները շատ չեն տարբերվում նախորդ տարվա մոդելներից, և դրա մասին արդեն մեկ անգամ չէ, որ ասվել է։ iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի դիզայնը շատ նման է iPhone 13-ի դիզայնին, ավելին, նոր iPhone-ներն անգամ ստացել են անցած տարվա մոդելներում կիրառված նույն պլատֆորմը. մասնագետների կարծիքով՝ սա պատմության մեջ առաջին նման դեպքն է։

iPhone 14-ին վանիլային տարբերակում բացակայում է երկհաճախականության GPS մոդուլը, որը կարելի է գտնել միայն ավելի թանկ iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում, և սա նույնպես հիասթափեցրել է օգտատերերին: Այս մոդելի վրա չկա նաև Dynamic Island-ը, ընդորում, չկա նաև ցանկացած ուշագրավ այլ բան, որը կարող է իսկապես գրավել օգտատերերին:

Այնուամենայնիվ, կան երկու շատ հետաքրքիր նոր հնարավորություններ՝ արբանյակային կապ և ավտովթարի հայտնաբերում (վթարի դեպքում հեռախոսն ավտոմատ կերպով զանգահարում է 911), բայց կարծես օգտատերերի մեծամասնության համար դրանք բավարար չեն նոր մոդելներ գնելու համար: Մանավանդ, որ նոր iPhone 14-ի միջին գինը ավելի բարձր է, քան iPhone 13-ի դեպքում. որոշ երկրներում Apple-ն ինքն է բարձրացրել գները:

Հենց այս պատճառով էլ շատերը նախընտրում են iPhone 13-ը` նույնիսկ օգտագործված և վերանորոգված վիճակում: Նույնիսկ գների բարձրացման գործոնը հաշվի առնելով՝ ավելի շահավետ է գնել դրանք, քան նոր iPhone 14-ը:

Նշենք, որ նույնիսկ iPhone 13-ը չի ներառվել Apple-ի այն սարքերի ցանկում, որոնցից օգտվողներն առավել գոհ են։ Apple-ի սարքերի վարկանիշային աղյուսակում, որը կազմել է հանրահայտ AnTuTu ընկերությունը՝ օգտատերերի բավարարվածության աստիճանի հիման վրա, առաջին տեղը զբաղեցրել է հին iPhone SE-ն։ Իսկ վարկանիշում ընդգրկված ամենանոր սմարթֆոնը iPhone 12 mini-ն է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ