ԵՊՀ-ն «Doing Digital Forum»-ի տեղեկատվական աջակից․ ԵՊՀ-ն ու SPRING PR-ը համագործակցության հուշագիր են կնքել

1 ապրիլի, 2023  11:30

Սույն թվականի ապրիլի 5-ին Երևանում կկայանա «SPRING PR» ընկերության հիմնադրած և կազմակերպած «The Doing Digital Forum (DDF)»-ը, որի նպատակն է համախմբել պետական կառավարման, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի, բիզնեսի և մեդիա ոլորտների առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումները։

Կարևորելով ֆինանսատեխնոլոգիական ոլորտում ԵՊՀ կրթական ծրագրերի մեծ պահանջարկը և ուսանողների շրջանում այդ ոլորտի վերաբերյալ հետաքրքրության առաջացումը՝ ԵՊՀ-ն դարձել է «SPRING PR» ընկերության հիմնադրած և կազմակերպած «Doing Digital Forum (DDF)»-ի տեղեկատվական աջակիցը։ «Doing Digital Forum (DDF)»-ը կկայանա 2023 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Ֆորումի նպատակն է համախմբել պետական կառավարման, ֆինանսական և տեխնոլոգիական էկոհամակարգի, բիզնեսի և մեդիա ոլորտների առաջատարներին՝ բացահայտելու թվային փոխակերպման նորագույն միտումները։

YSU_SPRINGPR

Հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն հայտնեցիին՝ ի նպաստ մասնագիտական կրթության զարգացման, երիտասարդների համար արդիական գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, թվային փոոխակերպումների դարաշրջանում ֆինանսատեխնոլոգիական ոլորտում երիտասարդների ներուժն ու տաղանդը գործի դնելու բացառիկ հնարավորությունների բացահայտման։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով այս համագործակցությունը, ասաց․

«Գիտության ժամանակակից նվաճումներն ու տեխնոլոգիական մտքի շարունակական ձեռքբերումները ստեղծում են լրացուցիչ հնարավորություններ ու մարտահրավերներ կեսագործունեության բոլոր ոլորտների համար, և այդ փոփոխությունների շարժիչ ուժն ու հիմքը համատարած թվայնացումն է։ Թվային փոխակերպման վերջին միտումներին ու լավագույն փորձին ծանոթանալու, ինչպես նաև առաջ եկող մարտահրավերները պատշաճ ու ժամանակին հասցեագրելու և առաջացող ռիսկերն արդյունավետ կառավարելու տեսանկյունից այս համագործակցությունն անչափ կարևոր է մեզ համար։ Բացի դրանից՝ այն նպաստելու է կրթական ծրագրերի բարելավմանը, համագործակցային կապերի ընդլայնմանը և նոր հնարավորություններ է ստեղծելու մեր ուսանողների համար»:

YSU_SPRINGPR

Համագործակցության արդյունքում 2022 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի մրցանակակիր ԵՊՀ ուսանողներին (Աշոտ Մկրյան՝ հայագիտության ոլորտ, Հասմիկ Ափրեյան՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Նարե Շալունց՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Գայանե Լալայան՝ հումանիտար գիտությունների ոլորտ, Մարիամ Տաշյան՝ հասարակագիտական ոլորտ, Րաֆֆի Շահմուրադյան՝ բնագիտական ոլորտ, Արևիկ Ղռմաջյան՝ բնագիտական ոլորտ) տրամադրվել են  «Doing Digital Forum»-ի անվճար տոմսեր: Համագործակցության շրջանակում ԵՊՀ-ն հանդես կգա որպես «Doing Digital Forum»-ի տեղեկատվական աջակից։

«Մենք մշտապես կարևորել ենք կրթական ինստիտուտների դերն արդիական կրթական ծրագրերի պատրաստման և գիտահենք լուծումներ առաջարկելու, ոլորտը պրոֆեսիոնալ կադրերով ապահովելու գործում։ «SPRING PR»-ի ղեկավարությունը՝ կազմված համալսարանականներից, սիրով հրավիրում և հնարավորություն է ստեղծում ԵՊՀ ուսանողների համար՝ մասնակից լինելու և ակտիվ ներգրավածություն ունենալու թվային փոխակերպման տիրույթում առկա միտումների և հնարավորությունների վերաբերյալ քննարկումներին, ծանոթանալու առաջատար մասնագետների, միջազգային լավագույն փորձին»,- նշեց «Doing Digital Forum»-ի հիմնադիր, «SPRING PR» ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը՝ ընդգծելով ԵՊՀ-ի առաջատար դերն ու մասնակցությունը թվային փոխակերպման գործընթացում։

Տեղեկացնենք, որ ֆորումի շրջանակում շուրջ 20 ոլորտի, միջազգային և տեղական առաջատար խոսնակներ ելույթների ու պանելային քննարկումների միջոցով կներկայացնեն բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում իրենց լավագույն փորձը, գիտելիքներն ու տեսլականը։ Փորձնակներ կլինեն Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից, «McKinsey», «Forbes», «Visa», «Hexens», «Fastex», «Apricot Capital», «Revytech», «Beta Financial Technologies», «ICDT Global» ընկերություններից, «FAST» հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Հայաստանի կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, «Spring PR» ու Ամերիաբանկ ընկերություններից ։

Նշենք, որ DDF-ի շրջանակում «SPRING PR»-ի գլխավոր գործընկերն ու համակազմակերպիչն Ամերիաբանկն է, իսկ գլխավոր խոսնակը՝ թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիները։


 
 
 
 
  • Արխիվ