E3 2023 խոշորագույն խաղային ցուցահանդեսը չեղարկվել է. վերջին անգամ այն անցկացվել է 2019 թվականին

31 մարտի, 2023  15:00

Electronic Entertainment Expo (E3) 2023 խոշորագույն խաղային ցուցահանդեսը չեղարկվել է։ Այս մասին հայտնել են Entertainment Software Association-ը (ESA) եւ ReedPop ընկերությունը։

E3-ը ամենամյա միջոցառում է, որի ընթացքում խաղեր ստեղծողները եւ հրատարակողները, ինչպես նաեւ սարքավորումների արտադրողները կարող են իրենց նոր արտադրանքը ներկայացնել մամուլին եւ օգտատերերին: Առաջին անգամ նման ցուցահանդեսն անցկացվել է 1995 թվականի մայիսին։ Երկար ժամանակ միջոցառումը մեծ հաջողություն ուներ՝ ուշադրության արժանանալով մամուլի, ընկերությունների եւ օգտատերերի կողմից։

Ինչպես նշում է ign.com-ը, E3-ը վերջին անգամ անցկացվել է 2019 թվականին։ 2020 եւ 2022 թվականներին ցուցահանդեսը չեղարկվել է տարբեր պատճառներով, իսկ E3 2021-ն անցկացվել է առցանց ձեւաչափով։ Շատերը հույս ունեին, որ այս տարի ցուցահանդեսը կվերադառնա հին ձեւաչափին։ Նախատեսվում էր այն անցկացնել հունիսի 13-ից 16-ը Լոս Անջելեսում։ Սակայն, ինչպես պարզվել է, ցուցահանդեսը «բավականաչափ հետաքրքրություն չառաջացրեց, որպեսզի այն անցկացվեր այնպես, որ ցուցադրեր ոլորտի ուժը եւ ազդեցությունը»:

Ավելին՝ վերջերս E3 2023-ին հրաժարվել են մասնակցել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Sony-ն, Microsoft-ը եւ Nintendo-ն, Ubisoft-ը, Sega-ն եւ Level Infinite-ը (Tencent-ի ստորաբաժանումը), իսկ որոշ այլ ընկերություններ, իբր, պատրաստվում էին հայտարարել, որ այս տարի բաց կթողնեն ցուցահանդեսը: Նրանք բոլորը պատրաստվում են ցուցադրել իրենց նոր խաղերը առցանց շնորհանդեսների ժամանակ։

«Դա հեշտ որոշում չէր՝ հաշվի առնելով այն ջանքերը, որոնք մենք եւ մեր գործընկերները ներդրել ենք այս իրադարձությունն իրականացնելու համար, բայց մենք պետք է ճիշտ վարվեինք ինչպես ոլորտի, այնպես էլ E3-ի նկատմամբ», - ասվում է ReedPop-ի նամակում:

Ընկերությունը նաեւ ներողություն է խնդրել բոլորից, ովքեր արդեն ծրագրել են մասնակցել E3 2023-ին եւ վստահեցրել, որ ESA-ի հետ միասին կշարունակի աշխատել «ապագա E3 միջոցառումների» վրա։

Նշենք, որ այս տարի սպասվում են այլ միջոցառումներ, որոնք կհետաքրքրեն գեյմերներին։ Այսպիսով, հունիսի 8-ին նախատեսված է Summer Game Fest թվային փառատոնը, հունիսի 11-ին տեղի կունենա Xbox Games Showcase 11-ը, իսկ հունիսի 12-ին Ubisoft-ը կանցկացնի Ubisoft Forward-ը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ