Ցանկացած վայրից ցանկացած պահին ներդրումներ կատարելը դարձել է թրենդային թվային փոխակերպման շնորհիվ․ Վաչիկ Գևորգյան

30 մարտի, 2023  16:43

Երևանում ապրիլի 5-ին կկայանա առաջին Doing Digital Forum-ը` «Բացահայտելով թվային ապագան» խորագրով, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:  Ֆորումի նպատակը Հայաստանում ու համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը:

Ֆորումին ընդառաջ NEWS.am Tech-ն իրականացնում է հարցազրույցների շարք միջոցառման խոսնակների հետ։ Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը ևս կիսվել է միջոցառմանը մասնակցության իր տեսլականով:

Պարոն Գևորգյան, ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Հայաստանում ֆինանսական ոլորտն ավանդաբար եղել է ավելի շատ թղթային և ավելի քիչ տեխնոլոգիական ուղղվածության: Ներկայում, երբ հաճախորդներն ավելի ու ավելի շատ են պահանջում ժամանակակից լուծումներ, թվային փոխակերպումն անխուսափելի է դարձել։ Նոր մարտահրավերների ի հայտ գալը, ինչպիսին են նեոբանկերը, ալգո առևտրային ընկերությունները և ռոբո-խորհրդատուները, էլ ավելի է բարդացրել մրցունակ մնալն՝ առանց սեփական ընկերության թվային փոխակերպման։

Որպես ներդրումային ոլորտի ներկայացուցիչ՝ ինձ համար թվային փոխակերպումն ավելի շուտ տվյալների վրա հիմնված բիզնես մոդելի կառուցումն է, որը թույլ է տալիս նվազեցնել ձեռքով կատարվող գործընթացները և բարձրացնել գործառնությունների արդյունավետությունն ու ընդհանուր անվտանգությունը: Հավասարապես կարևոր է նաև թվային հաճախորդ լինելու փորձառության ապահովումը: Այսօր  գրեթե ոչ մի հաճախորդ չի ցանկանում ֆիզիկապես այցելել ընկերություն՝ հաշիվ բացելու կամ թղթով ձևակերպված պատվեր ներկայացնելու համար: Սա արդեն անցած պատմություն է։ Ընկերություններն անցնում ենք թվային փոխակերպման ուղիով հաճախորդներին անխափան սպասարկում ապահովելու համար:

Որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։

Թվային փոխակերպումը խթանող ամենակարևոր միտումը ներկայում համարում եմ այն, որ ամեն ինչ առաջինը նախագծվում է շարժական սարքերի համար։ Տեղեկատվություն ստանալու և գործարքներ իրականացնելու նպատակով շարժական սարքերից օգտվելու աճի պայմաններում ձեռնարկությունները ստեղծում են հեշտ կիրառելի բջջային հավելվածներ՝ իրենց ծառայությունները մատուցելու համար: Մեկ այլ կարևոր միտում էլ արհեստական բանականության վերջին զարգացումներն են։ Քանի որ ԱԲ լուծումներն ավելի կատարելագործվում են, ներդրումային ընկերությունները կկարողանան տրամադրել անհատականացված ու կոնկրետ ներդրումային նպատակներին ծառայող խորհրդատվություն:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Թվային փոխակերպման ուղին բռնած ընկերություններին իմ խորհուրդն է՝ լինել համբերատար և պատրաստ երկարատև ճամփորդության։ Գործող բիզնեսի վերափոխումը մեկ գիշերվա աշխատանք չէ, և այդ ուղին կարող է լինել մարտահրավերներով լի, նույնիսկ ավելի դժվար, քան զրոյից թվային բիզնես կառուցելը: Կարևոր է ճիշտ մտածելակերպով ու փորձով թիմակիցներ ընտրելը, ովքեր պատրաստակամ են հաղթահարելու բոլոր խոչընդոտները։

Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:

Հիմնական քննարկումները կծավալվեն ամպային ՏՏ ենթակառուցվածքի օգտագործման կարգավորումների շուրջ՝ առանցքում ունենալով հատկապես տվյալների գաղտնիության պահպանության հարցը։ Նաև կխոսեմ բջջային ներդրումների և ներդրողներին ամեն պահ սեփական պորտֆելները կառավարելու հնարավորություն ընձեռող հարթակների մասին, որոնք ներկայում մեծ տարածում են ստանում։

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին:

Ավելի քան 15 տարի աշխատելով հայաստանյան ներդրումային ոլորտում՝ չեմ հիշում մեր երկրում որևէ կարևոր իրադարձություն, որը բացառապես նվիրված լիներ տեխնոլոգիական և թվային փոխակերպմանը: Սա բացառիկ հնարավորություն է բոլոր մասնակիցների համար ծանոթանալու թվային փոխակերպման ընթացիկ միտումներին, հանդիպելու ոլորտի առաջադեմ փորձագետներին ու ստանալու նոր գիտելիք: Թվային վերափոխման ուղիով արդեն անցած ընկերությունների փորձի ներկայացումն անգնահատելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց այդ ճանապարհը։

***

Միջոցառման ինովացիոն գործընկերը Visa ընկերությունն է, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը, իսկ ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։

Ֆորումի շրջանակում ելույթների ու պանելային քննարկումների միջոցով բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, իրենց գիտելիքով և տեսլականով կկիսվի շուրջ 20 խոսնակ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանից ու Forbes-ից, McKinsey, Visa, Fastex, Apricot Capital, Revytech, Hexens, Beta Financial Technologies, ICDT Global ընկերություններից, FAST հիմնադրամից, ինչպես նաև ՀՀ կառավարությունից, Կենտրոնական բանկից, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամից, SPRING PR ու Ամերիաբանկ ընկերություններից։

Doing Digital Forum-ի խոսնակները կպատմեն, թե ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության, կխոսեն տվյալների պաշտպանության և կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։ Անդրադարձ կլինի նաև կրիպտոարժույթներին, Metaverse-ին, NFT-ին, եկամտի հնարավոր աղբյուրներին և դրանց առնչվող ռիսկերին։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է,  ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդներ, ՏՏ մասնագետներ, ստարտափներ, ներդրողներ և վենչուրային կապիտալիստներ, PR-ի, մարքեթինգի ու վաճառքի մասնագետներ, պետական կառույցների աշխատակիցներ և այլն:

Շարքի նախորդ նյութերը՝

Թվային փոխակերպման ուղին հարթ անցնելու բանալին պլանավորման մեջ է. ֆինթեքի միջազգային փորձագետ Քրիս Սքիների մանտրան

Թվային փոխակերպման գործընթացում կարևոր է պաշտպանել թիմակիցներին ձախողման վախից․ Մաքսիմ Միխալյով


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ