Օրվա հրամայականը. ԱԿԲԱ Բանկի փոխտնօրենը՝ բանկային ծառայությունների թվային վերափոխման եւ նոր հավելվածի մասին

8 հոկտեմբերի, 2022  11:33

Բանկային ծառայությունների և ֆինանսական համակարգերի թվային տրանսֆորմացիան օրվա հրամայական է։ Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց ԱԿԲԱ Բանկի պլատֆորմների եւ տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։

Բանկը եւ տեխնոլոգիաները

Դեռևս 2017 թվականից ԱԿԲԱ Բանկը որոշել է կտրուկ փոխել ռազմավարությունը, ինչը, Տիգրան Սիմոնյանի խոսքով, պայմանավորված էր տեխնոլոգիաների զարգացմամբ:

«Մենք հասկանում էինք, որ աշխարհը փոխվում է և փոխվում է նաև բանկային համակարգը»։

Սիմոնյանի խոսքով, մարդիկ 10-15 տարի առաջ ունեին այլ վարքագիծ, սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց այն նկատելիորեն փոխվել է: Շատերն այսօր այլևս չեն ցանկանում բանկ գնալ մի շարք ֆինանսական գործարքների համար, քանի որ դրանց մեծ մասը արդեն հնարավոր է անել առցանց:

Tigran Simonyan 1

«Բանկում ներդրել ենք այնպիսի գործիքներ, ինչպիսիք են արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, տվյալների վերլուծություն, ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացում, որի միջոցով իրականացվում է թվային աշխատուժի կոնցեպտը։ Նաև մեծ փոփոխությունների են ենթարկվում մեր բանկային ծառայություններն ու տեխնոլոգիաները։ Դեռևս 2020 թ․ մենք առաջինը Հայաստանում գործարկեցինք NFC վճարումների համակարգը»։

Բանկը եւ օրենքը

Սիմոնյանի խոսքով՝ տեխնոլոգիական ներդրումներ պլանավորելիս կարող են մի շարք խնդիրներ առաջանալ, այդ թվում՝ օրենսդրական խոչընդոտներ, քանի որ բանկային համակարգն ամենախիստ կարգավորվող ոլորտներից է։

«Շատ հարցերում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն ենք զգում, ինչի շուրջ մշտական կապի մեջ ենք Կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ», - նշեց Սիմոնյանը։

Tigran Simonyan at NEWS.am

Մյուս կարևոր խոչընդոտը, նրա խոսքով, աշխատաշուկան է։

«Բանկերի դասական հասկացությունն այլևս արդիական չէ, մենք ինքներս ստեղծում ենք տեխնոլոգիաներ, անում ենք ինովացիա, իսկ ինովացիաների շուկան շատ մրցակցային է, և մենք մրցում ենք ոչ միայն բանկերի, այլ նաեւ ՏՏ ընկերությունների հետ։ Այս առումով ունենք որակյալ կադրերի պակաս։ Այս ուղղությամբ ստեղծել ենք ACBA Techno Lab ընկերությունը, որը կազմակերպում է թրեյնինգներ, և փորձում ենք կադրային բազա ստեղծել, կիսվել մեր փորձով ու գիտելիքներով»։

Tigran Simonyan

Բանկը եւ POS-հավելվածը

Մոտակա օրերին ԱԿԲԱ Բանկը պլանավորում է գործարկել Softpos համակարգը, որը թույլ է տալիս Android համակարգով աշխատող սմարթֆոնի վրա ունենալ POS տերմինալ։

«Սա շատ լավ գործիք է ՓՄՁ-ների, առաքման ծառայությունների, տաքսիների համար, որովհետև սովորական POS տերմինալ սարքավորումը դժվար է մշտապես ձեռքի տակ ունենալ։ Բացի դրանից, ծրագիրը գնային առումով համեմատելի չէ սարքավորման հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ