3 նորարարական շինանյութեր, որոնք արժանի են ուշադրության

29 մարտի, 2023  19:39

Այսօր կան բազմաթիվ ժամանակակից նյութեր, որոնք ամբողջությամբ փոխում են շինարարության հանդեպ մոտեցումները։ Դրանցից շատերն ամուր են եւ երկարակյաց, բայց միեւնույն ժամանակ՝ էկոլոգիապես մաքուր եւ թեթեւ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շինարարության մեջ մի քանի հետաքրքիր եւ նորարարական նյութեր, որոնք կա՛մ արդեն օգտագործվում են, կա՛մ շատ հեռանկարային են եւ, ամենայն հավանականությամբ, կսկսեն օգտագործվել մոտ ապագայում։

Թափանցիկ փայտանյութ

Նորագույն էկոլոգիապես մաքուր նյութի՝ թափանցիկ փայտանյութի գյուտի մասին հայտարարվել է դեռ 2016 թվականին։ Սակայն միայն 2020 թվականին է գիտնականներին հաջողվել ավարտել բոլոր փորձարկումները եւ հասնել իսկապես կայուն արդյունքի։ Ստացված թափանցիկ փայտանյութն առնվազն 5 անգամ ավելի ամուր եւ թեթեւ է, քան ապակին, ինչպես նաեւ ավելի արդյունավետ է պահպանում ջերմությունը, ինչի շնորհիվ կարող է պլաստիկ կամ ապակե պատուհանների հիանալի փոխարինող դառնալ:

Բացի այդ, այս նյութը համարվում է վերականգնվող եւ էկոլոգիապես մաքուր. այն ստանում են բալզա ծառից, որը շատ արագ է աճում: Նյութը թափանցիկ դարձնելու համար փայտը ներծծվում է հատուկ լուծույթի մեջ, այնուհետեւ ավելացվում է էպոքսիդային խեժ։ Իսկ ցելյուլոզայի պարունակության շնորհիվ ստացված նյութը նաեւ բավականին ճկուն է դառնում։

Նման փայտի արտադրության ծախսը շատ ավելի քիչ է, քան ապակու արտադրությունը, որի վրա նկատելի ածխածնային հետք է մնում գործընթացում պահանջվող բարձր ջերմաստիճանի եւ օգտագործվող էլեկտրաէներգիայի պատճառով:

Աերոգել

Այս սինթետիկ ծակոտկեն գերթեթեւ նյութը ստանում են գելից, որում հեղուկ փուլն ամբողջությամբ փոխարինվում է գազանմանով: Արդյունքում ստացվում է չափազանց ցածր խտությամբ եւ մի շարք հազվագյուտ հատկություններով՝  կարծրություն, թափանցիկություն, ջերմակայունությունը, ցածր ջերմահաղորդականություն, օժտված նյութ։

Շոշափելիս այս նյութը հիշեցնում է փխրուն պոլիստիրոլ:

Աերոգելերը կարող են պատրաստվել տարբեր քիմիական միացություններից: Այն ստեղծվել է 1931 թվականին՝ ամերիկացի գիտնական եւ քիմիկոս-ինժեներ Սամյուել Սթիվենս Քիստլերի կողմից։ Առաջին աերոգելերը պատրաստվել են սիլիկագելերից։ Ավելի ուշ Քիստլերը սկսել է աերոգելեր պատրաստել ալյումինի, քրոմի օքսիդի եւ անագի երկօքսիդի հիման վրա։ Իսկ ածխածնային աերոգելերն առաջին անգամ մշակվել են 1980-ականների վերջին:

Աերոգելերը կարող են ունենալ ավելի ցածր ջերմահաղորդունակություն, քան դրանց մեջ պարունակվող գազը: Այս նյութը համարվում է գերազանց ջերմամեկուսիչ, հետեւաբար այն լայնորեն օգտագործվում է արդյունաբերական մասշտաբով էկոլոգիապես մաքուր եւ արդյունավետ ջերմամեկուսացման համար:

Ածխածնային մանրաթել

Ածխածնային մանրաթելը երկար ժամանակ լայնորեն կիրառվում է սպորտում. դրանից պատրաստում են հեծանիվների մասեր, սպորտային աղեղների համար նետեր եւ շատ այլ բաներ։ Մասնագետներն այն համարում են նաեւ շատ հեռանկարային շինանյութ, քանի որ համատեղում է ամրությունն ու թեթեւությունը. ածխածնի մանրաթելը 75%-ով ավելի թեթեւ է, քան երկաթը եւ 30%-ով ավելի թեթեւ, քան ալյումինը։

Այն կարող է օգտագործվել ավանդական շինանյութերի՝ աղյուսների, երկաթբետոնե բլոկների, փայտե կոնստրուկցիաների ամրությունը բարձրացնելու, ինչպես նաեւ պանելների հաստությունը եւ դրանց քաշը նվազեցնելու համար: Ածխածնային մանրաթելերով հարստացված երկաթբետոնն ապահովում է նաեւ գերազանց ջերմամեկուսացում:

Ներկայում ածխաջրածնային մանրաթելի լայն կիրառությունը սահմանափակող միակ թերությունը դրա բարձր արժեքն է:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ