Apple-ը ներկայացրել է նոր Pay Later ծառայությունը. Ո՞ւմ է այն հասանելի

29 մարտի, 2023  09:34

Apple ընկերությունը գործարկել է Pay Later ծառայությունը, որը թույլ է տալիս գնումների համար վճարել մաս-մաս․ գումարը միանգամից վճարելու փոխարեն օգտատերը կարող է այն բաժանել 4 վճարումների՝ 6 շաբաթվա ընթացքում, ընդ որում առանց տոկոսների եւ միջնորդավճարների:

Apple Pay Later-ի շրջանակում ապառիկը կարող է լինել 50-1000 դոլարի սահմաններում, որով կարելի է առցանց եւ հավելվածներով գնումներ կատարել iPhone-ի եւ iPad-ի միջոցով՝ Apple Pay ընդունող վաճառողներից:

Apple Pay Later ծառայությունը գտնվում է Wallet հավելվածում եւ հասանելի է iOS եւ iPadOS 16.4 օպերացիոն համակարգով աշխատող սարքերում: Բայց առայժմ այս ծառայությունից կարող են օգտվել միայն սահմանափակ թվով օգտատերեր ԱՄՆ-ում։ Առաջիկա ամիսներին ծառայությանը հասանելիություն կստանան ԱՄՆ-ի բոլոր օգտատերերը, սակայն հայտնի չէ՝ երբ այն կհայտնվի մեր տարածաշրջանում:

Apple-Pay-Later.jpg (144 KB)

Ինչպես հայտնում է Apple-ը, այս ծառայությունից օգտվելը չի ազդի օգտատիրոջ վարկային պատմության վրա։ Իսկ որոշ դեպքերում ընկերությունը կարող է տվյալները փոխանցել ֆինանսական կազմակերպություններին։

Pay Later-ի մասին հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի WWDC միջոցառման ժամանակ։ Ծառայության թողարկումը պետք է կայանար iOS 16.4-ի թողարկման հետ միասին, սակայն որոշակի տեխնիկական դժվարությունների պատճառով Apple-ը ստիպված է եղել մի փոքր հետաձգել այն։

Նշենք, որ նախկինում Apple-ը ֆինանսական ծառայություններ էր մատուցում Goldman Sachs բանկի հետ համագործակցության շրջանակում։ Pay Later-ը դարձել է ընկերության առաջին ինքնուրույն արտադրանքը. ֆինանսական մասով զբաղվում է Apple Financing LLC դուստր ընկերությունը, որը նաեւ գնահատում է օգտատերերի վճարունակությունը: 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ