2024 թվականի հունվարի 1-ից Steam-ը կդադարեցնի Windows 7-ի եւ Windows 8/8.1-ի աջակցությունը

28 մարտի, 2023  16:46

Steam խաղային հարթակը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարեցնի Windows 7-ի եւ Windows 8/8.1-ի աջակցությունը եւ կաշխատի միայն Windows 10 եւ 11 համակարգով աշխատող համակարգիչներում: Այս մասին Steam կայքում հայտարարել է Valve:

Ըստ ծրագրավորողների՝ Steam նորագույն գործառույթները հիմնված են Google Chrome ներկառուցված տարբերակի վրա, որն այլեւս չի աշխատում Windows հին տարբերակներում: Բացի դրանից, Steam-ում նախատեսում են գործառույթներ եւ անվտանգության թարմացումներ, որոնք հասանելի են միայն Windows 10 եւ ավելի բարձր տարբերակներում:

Հին օպերացիոն համակարգերի աջակցության դադարեցումը կազդի խաղացողների միայն 2 տոկոսի վրա. Steam վիճակագրության համաձայն՝ այսօր հարթակում գեյմերների միայն մոտ 1,5 տոկոսն է օգտվում Windows 7-ից, եւ միայն մոտ 0,36 տոկոսը՝ Windows 8.1-ից:

Օպերացիոն համակարգերից առաջատարը Windows 10-ն է․ այն օգտագործում է Steam խաղացողների գրեթե 65 տոկոսը: Windows 11-ին բաժին է ընկնում մոտավորապես 33 տոկոսը:

Նշենք, որ Microsoft Windows 7 օպերացիոն համակարգի ընդլայնված աջակցությունը դադարեցրել է 2020 թվականի հունվարի 14-ին: Համակարգիչները, որոնք աշխատում են համակարգի այս տարբերակով, շարունակում են աշխատել, բայց այլեւս չեն ստանում անվտանգության թարմացումներ, ինչը նրանց ավելի խոցելի է դարձնում հարձակումների նկատմամբ:

2023 թվականի հունվարի 10-ին Microsoft-ը դադարեցրել է նաեւ Windows 8.1-ի աջակցությունը եւ բոլոր օգտատերերին առաջարկել է անցնել Windows 11-ին:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ