Ամպային տեխնոլոգիաներ. որո՞նք են դրանց առավելությունները և ինչպե՞ս կարելի է դրանց վրա խնայել

27 մարտի, 2023  18:02

Ամպային տեխնոլոգիաները մի շարք առավելություններ ունեն կորպորատիվ սերվերների նկատմամբ, և շատ ընկերությունների ղեկավարներ իրենց փորձից գիտեն դա: Այնուամենայնիվ, նրանք նաև գիտեն, որ սովորաբար բավարար չէ պարզապես վերցնել և ամպի վրա տեղափոխել այն ամենը, ինչ հնարավոր է. եթե նախապես չհստակեցվի, թե ընկերությունն իրականում ամպային որ ծառայությունների կարիքն ունի, և որոնցը՝ ոչ, եթե ծախսերի օպտիմալացման մասին հոգ չտարվի, ապա հեշտությամբ կարող եք զրկվել ամպային տեխնոլոգիաների հիմնական առավելություններից առնվազն մի քանիսից։

SADA ընկերությունը, որը 2000 թ․ հիմնադրել են Հովիկ և Անի Սաֆոյանները, զբաղվում է, մասնավորապես, նրանով, որ օգնում է այլ բիզնեսներին առավելագույն ճշգրտությամբ և արդյունավետությամբ (բառիս բուն իմաստով) օգտագործել ամպային տեխնոլոգիաների հնարավորություններն իրենց բիզնեսում։

NEWS.am Tech-ի թղթակիցը SADA-ի գլխավոր տնօրեն և խորհրդի անդամ Թոնի Սաֆոյանի հետ զրուցել է ամպային տեխնոլոգիաների հիմնական առավելությունների, ընկերության հայաստանյան գրասենյակի և շատ այլ բաների մասին։

Ամպային տեխնոլոգիաներն ընդդեմ լոկալ սերվերների. հիմնական առավելությունները

Թեև վերջին տարիներին ամպային սերվերները լայն տարածում են գտել, այնուամենայնիվ, դեռ կարելի է լսել հարց. «Ինչո՞վ են դրանք ավելի լավը, քան մեր գրասենյակում տեղադրված սերվերը»:

Ամպային սերվերների առավելություններն իրականում շատ են, և Թոնի Սաֆոյանը նշեց դրանցից մի քանիսը։

sada-4

Ավելի լայն հնարավորություններ

Նրա խոսքով՝ ամպային սերվերներն առաջարկում են հնարավորությունների ավելի լայն շրջանակ, քան լոկալ սերվերները։ Ճիշտ գործիքներով ամպային տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում մասշտաբայնացնել ճիշտ ծառայությունների նկատմամբ հասանելիությունը ինչպես աշխատակիցների, այնպես էլ հաճախորդների համար: Լոկալ սերվերի դեպքում նման մասշտաբավորումը գրեթե անհնար է, հատկապես, եթե աշխատում եք տարածաշրջանային կամ համաշխարհային հաճախորդների հետ։

Գին

Ամպային ծառայություններից կարելի է սկսել օգտվել ժամով, օրով, ամսով, այնքան, որքան անհրաժեշտ է: Կորպորատիվ սերվերների դեպքում շատ նախնական ներդրումներ կպահանջվեն (սարքավորումների, ծրագրային ապահովման գնում, անձնակազմի աշխատավարձեր, էլեկտրաէներգիայի վճար և այլն) և դա չնայած այն հանգամանքին, որ սովորաբար դժվար է նախապես կանխատեսել, թե որքան ենթակառուցվածք կարող է անհրաժեշտ լինել։  Օգտվելով ամպային տեխնոլոգիայից՝ հաճախորդը վճարում է միայն փաստացի օգտագործված ռեսուրսների համար, որոնց չափը կախված կլինի նրա կարիքներից, հետևաբար, նա հավելյալ ծախսեր պարզապես չի կատարում։

Անվտանգություն

Իհարկե, չի կարելի ասել, որ ամպը կանխադրված կերպով անվտանգ է: Այն անվտանգ են դարձնում գրագետ մասնագետները: Եթե ​​ձեր կողքին անվտանգության լավ փորձագետներ ունեք, եթե օգտվում են ճիշտ կոնֆիգուրացիաներից, ճիշտ գործիքներից ու ծառայություններից, ապա ամպային տեխնոլոգիայի հետ աշխատանքը, պնդում է Սաֆոյանը, անվտանգության շատ ավելի բարձր մակարդակ կապահովի, քան ցանկացած լոկալ սերվեր:

Ամպում առավելագույն անվտանգությունն ապահովելու համար SADA-ն գործարկել է Security Confidence Program  ծրագիրը։ Այն անվտանգության համապարփակ առաջարկ է, որը նախատեսված է օգնելու բիզնեսներին, որպեսզի բարելավեն իրենց կիբեռանվտանգությունը և պաշտպանեն իրենց տվյալներն ու համակարգերը կիբեռսպառնալիքներից:

Ծրագիրը ներառում է մի շարք ծառայություններ, ինչպիսիք են խոցելիությունը գնահատելը, անվտանգության աուդիտ անցկացնելը, սպառնալիքները հայտնաբերելն ու դրանց արձագանքելը: SADA-ի կիբեռանվտանգության փորձագետների թիմն օգնում է բացահայտել հաճախորդի ՏՏ ենթակառուցվածքում հնարավոր խոցելիությունները, այնուհետև լուծումներ կիրառել այդ խոցելիությունները վերացնելու և կիբեռհարձակման ռիսկը մեղմելու համար:

10 մասնագիտացումներով Google-ի տիտղոսակիր գործընկեր

SADA-ն Google Cloud-ի գործընկերոջ կարգավիճակ ունի․ այսպիսի կարգավիճակ Google-ը շնորհում է այն գործընկերներին, որոնք Google Cloud Platform հարթակում լուծումներ և ծառայություններ մատուցելու գիտելիքների և փորձի բարձր մակարդակ են ցուցաբերել։

Նման կարգավիճակ ստանալու համար Google-ի գործընկերները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, այդ թվում՝ հաճախորդների լայն շրջանակի Google Cloud Platform-ի լուծումները հաջողությամբ մատուցելու ապացուցված փորձ, հավաստագրված տեխնիկական անձնակազմի անհրաժեշտ թվաքանակ և շարունակական ուսուցման և զարգացման հանձնառություն:

sada-6

Սաֆոյանի խոսքով՝ SADA-ի թիմը արդյունավետ աշխատանք է կատարել հաճախորդներին Google Cloud փաթեթի ամենաառաջադեմ հնարավորությունները տրամադրելու համար և միևնույն ժամանակ ստացել է 10 հեղինակավոր մասնագիտացումներ։ Այս փորձն օգնում է հաճախորդներին արագացնել իրենց ամենակարևոր նախաձեռնությունների իրականացումը, բարելավել արդյունավետությունը, օգտվել շուկայական հնարավորություններից և նվազեցնել ռիսկերը:

Մասնագիտացման ձեռքբերումը ներառում է հետևյալը՝ ներդնել Google Cloud-ի ծառայությունների մատուցման պրակտիկա, հետևողականորեն նպաստել հաճախորդների հետ հաջող աշխատանքին և ցուցադրել բարդ տեխնիկական հնարավորություններ։

Բացի մասնագիտացումներից, SADA-ն հինգ անգամ արժանացել է Google Cloud-ի «Տարվա գործընկեր» մրցանակին։

Անցնել ամպին և խնայել․ առաքելությունն իրագործելի է

Մինչև 2022 թ․, երբ տնտեսությունն արագ աճում էր և բավականաչափ վենչուրային կապիտալ ներդրումներ կային, շատ ընկերություններ առանձնապես չէին կենտրոնանում ծախսերը նվազագույնի հասցնելու վրա: Շատերը, անցնելով ամպային ծառայություններին, պարզապես միանգամից միացրեցին գրեթե ամեն ինչ (հաճախորդներին հասանելի են հարյուրավոր և հազարավոր ամպային ծառայություններ, և առանց մասնագետների ճիշտ խորհրդատվության շատերի համար դժվար է կողմնորոշվել, թե ինչն է իրենց անհրաժեշտ և ինչը ոչ), նրանք փորձարկեցին տարբեր ծառայություններ, փորձելու և սխալվելու մեթոդով ընտրեցին այն, ինչը կարող էր օգտակար լինել իրենց՝ առանձնապես չմտածելով, թե այդ ամենն ինչ կարժենա։

sada-2

Այսօր, ինչպես նշեց Սաֆոյանը, շատ բան է փոխվել, և ծախսերի օպտիմալացման խնդիրը հաճախորդներին անհանգստացնում է ոչ պակաս, քան անվտանգության խնդիրները։

Սաֆոյանի խոսքով, եթե ընկերության մեջքին կանգնած են գրագետ մասնագետներ, որոնք ճիշտ խորհուրդներ են տալիս և միացնում են միայն այն ծառայությունները, որոնք տվյալ ընկերությանն անհրաժեշտ են կոնկրետ առաջադրանքներ կատարելու համար, դա ընկերությանը թույլ է տալիս ամպային ծառայությունների վրա ծախսերը նվազեցնել 20, 30 կամ նույնիսկ 40%-ով: Այսօրվա պայմաններում դա շատ լուրջ խնայողություն է։

Այդ նպատակով նույնիսկ ստեղծվել է FinOps Foundation շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որն օգնում է ընկերություններին ճիշտ կառավարել իրենց ամպային ծախսերը: SADA-ն կազմակերպության առաջին գլխավոր անդամներից է, իսկ ընկերության ղեկավարները նշանակալի ներդրում են ունեցել կազմակերպության գիտելիքի բանկի և ուսումնական նյութերի ստեղծման մեջ:

«Կարելի է ամպային միջավայրը կարգավորել այնպես, որ այն ամբողջովին անարդյունավետ լինի և շատ ավելի թանկ արժենա, քան լոկալ սերվերների օգտագործումը: Այսօր ծախսերի օպտիմալացմամբ մտահոգված են նույնիսկ աշխարհի խոշորագույն ընկերությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ բացարձակապես ամեն ինչ։ Uber-ը, օրինակ, մեծ գործարք է կնքում Google-ի հետ, քանի որ լոկալ սերվերների փոխարեն գերադասում է ամպային միջավայրը։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամպային ծառայությունների օգտագործումն ավելի  արդյունավետ ռազմավարություն է նաև երկարաժամկետ հեռանկարում»,- ասաց Սաֆոյանը։

SADA-ն Հայաստանում. Արևմուտքում հասանելի ծառայությունները մատուցել նաև հայկական ընկերություններին

SADA-ի հայաստանյան գրասենյակը բացվել է 2021 թ․, և այսօր հայկական թիմը (որը, սակայն, միայն հայերից չէ բաղկացած. կան նաև ինժեներներ Հնդկաստանից և Ռուսաստանից) մատուցում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ աջակցություն ամպային միգրացիայի հարցում, հավելվածների մշակում, տվյալների վերլուծություն, ենթակառուցվածքների արդիականացում, անվտանգության հետ կապված լուծումներ և այլն։

sada-3

Ինչպես նշեց Թոնի Սաֆոյանը, Հայաստանում հաճախորդները կարող են ստանալ նույն ծառայությունները, ինչ Հյուսիսային Ամերիկայի հաճախորդները: Ճիշտ է, մինչև վերջերս SADA-ն հիմնականում աշխատում էր ամերիկացի ղեկավարներ ունեցող հայկական ընկերությունների հետ, ինչպիսիք են Picsart-ը, Service Titan-ը և Hexact-ը, սակայն այժմ ընկերությունը պատրաստվում է ավելի ակտիվորեն առաջ մղել իր ծառայությունները հայկական շուկայում՝ հասկանալով, որ կարող է օգնել տեղական բիզնեսին դուրս գալու միանգամայն նոր մակարդակ։

«Կարծում եմ՝ սա մեծ նշանակություն կունենա հայաստանյան գրասենյակի համար. Երևանի մեր աշխատակիցները ծառայություններ կմատուցեն ոչ միայն հաճախորդներին հիմնականում Հյուսիսային Ամերիկայից, այլ նաև հայկական ընկերություններին, հայկական կազմակերպություններին, հայկական բրենդներին»,- ասաց Սաֆոյանը։

Ընդամենը մի քանի օր առաջ ընկերությունն աշխատանքի է ընդունել տարածաշրջանային վաճառքի առաջին մասնագետին, որն էլ, ըստ էության, կզբաղվի երկրում և տարածաշրջանում SADA-ի ծառայությունների առաջմղմամբ։

«Մենք շարունակում ենք ռազմավարական կերպով հավաքել մեր աշխատակիցներին որոշակի հաստիքների համար մեր տարածաշրջանային բոլոր գրասենյակներում՝ հաշվի առնելով գլոբալ մակրոտնտեսական մթնոլորտը և հաճախորդների և օգտատերերի վարքագծի փոփոխությունները: Մեր ընդհանուր ռազմավարությունն է աշխատանքի ընդունել ըստ մեր հաճախորդների կարիքների ամբողջ աշխարհում՝ տեղական և համաշխարհային հաճախորդներին տրամադրելով աջակցություն որտեղ և երբ նրանք դրա կարիքն ունեն»,- ասաց Սաֆոյանը:

Մասնագետների «արտահանումը» թողնել անցյալում․ Հայաստանը պետք է դառնա տաղանդների «ներմուծող»

Թոնի Սաֆոյանը խոստովանեց, որ երբ Հայաստանում նոր գրասենյակ էին բացել, երկրի իրավիճակին քաջատեղյակ ընկերներն ու գործընկերները զգուշացրել էին, որ հանկարծ չսպասի, որ գրասենյակի դռան մոտ իր ընկերությունում աշխատելու պատրաստ ինժեներների հերթ կգոյանա։

Երկրում ավելի շատ ինժեներներ ունենալու նպատակով ընկերությունն սկսեց համագործակցել ուսումնական հաստատությունների հետ, կրթաթոշակ հիմնեց Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA), որտեղից, ի վերջո, ստացավ իսկապես խոստումնալից կադրեր։ Նաև SADA-ի մի քանի ինժեներներ մասնակցեցին ինժեներների համար Picsart-ի  կազմակերպած ճամբարին, որտեղ նրանք հանդիպեցին տաղանդավոր երիտասարդ մասնագետների, որոնց պատրաստակամորեն հրավիրեցին իրենց մոտ աշխատելու:

sada-5

Բացի դրանից, ինչպես նշեց Սաֆոյանը, այսօր Հայաստանում կան նաև ինժեներներ այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից և Ռուսաստանից։ Նրա կարծիքով՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ մասնագետները մնան Հայաստանում, իրենց ապագան այստեղ տեսնեն և աշխատեն տեղական ընկերություններում, այդ թվում՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտում։

«Երկար տարիներ Հայաստանը տաղանդների «արտահանող» է եղել. Հայաստանից շատ լավ մասնագետներ են մեկնել այլ երկրներ։ Հիմա արդեն պետք է այնպես անենք, որ տաղանդները սկսեն վերադառնալ երկիր: Կարծում եմ, որ Հայաստանն արդեն պետք է դառնա տաղանդների «ներմուծող»։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի ոչ միայն սփյուռքահայերին, այլ նաև այլ երկրների մարդկանց համոզենք գալ Հայաստան, իրենց ապագան, իրենց պոտենցիալ նոր տունն այստեղ տեսնել»,- նշեց Սաֆոյանը:  


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ