Մարտի 25-ին Երկրին կմոտենա 44-99 մ տրամագիծ ունեցող աստերոիդ  

23 մարտի, 2023  20:03

Երկրին է մոտենում աստերոիդ, որը երեք անգամ մեծ է Չելյաբինսկի երկնքում 2013 թ․ պայթած աստերոիդից, որը վնասներ էր պատճառել ինչպես մարդկանց, այնպես էլ շենք-շինություններին։ 2023 DZ2 անունն ստացած աստերոիդը մարտի 25-ին Երկրի կողքով կանցնի բավական մոտ հեռավորության վրա։

Ըստ գիտնականների հաշվարկների՝ 2023 DZ2-ը Երկրի կողքով 28,044 կմ/ժ արագությամբ։ Հաղորդվում է, որ այն տեսանելի կլինի Հյուսիսային կիսագնդից նույնիսկ համեմատաբար փոքր աստղադիտակներով: Բացի դրանից, կիրակի՝ Երևանի ժամանակով ժամը 03:30-ին, The Virtual Telescope Project-ը ուղիղ եթերով կհեռարձակի օբյեկտի թռիչքը Երկրի կողքով։

Հյուսիսային կիսագնդից աստղադիտակով դիտելու դեպքում աստերոիդը նման կլինի դանդաղ շարժվող աստղի և Երկրին ամենամոտ կլինի մարտի 25-ին (շաբաթ)` Երևանի ժամանակով ժամը 10:52-ին:

Աստերոիդը հայտնաբերել են Լա Պալմայի (Կանարյան կղզիներ) աստղադիտարանի աստղագետները 2023 թ․ փետրվարին, այն 44-99 մ տրամագիծ ունի։ Քանի որ աստերոիդի  հետագիծը հատում է Երկրի ուղեծիրը, այն պատկանում է Ապոլոնի դասի աստերոիդներին։ 2023 DZ2-ի ճշգրիտ ծագումն անհայտ է։ Ըստ Earthsky.org-ի՝ այս օբյեկտների մեծ մասը գալիս է Մարսի և Յուպիտերի միջև գտնվող աստերոիդների գոտուց, դրանք լքում են իրենց ուղեծրերը գազային հսկայի հետ «անհաջող» փոխազդեցության պատճառով:

Ի դեպ, Չելյաբինսկի երկնքում պայթած աստերոիդն ուներ 18 մ տրամագիծ և դրա պայթյունի հետևանքով 1400 մարդ տարբեր աստիճանի վնասվածք էր ստացել, վնասվել էր մոտ 7000 շինություն։ 2023 DZ2-ը փաստացի մոտ երեք անգամ մեծ է դրանից։ Երկրի հետ հնարավոր բախման դեպքում այն հավանաբար եռակի շատ վնաս կարող էր պատճառել։

Բարեբախտաբար, Virtual Telescope Project աստղադիտակից ստացված տվյալների համաձայն, այն մեր մոլորակին կմոտենա մինչև 173,000 կմ հեռավորության վրա։ Համեմատության համար նշենք, որ Երկրից Լուսին միջին հեռավորությունը 384,400 կմ է: Ըստ Space.com-ի՝ դատելով 2023 DZ2-ի ուղեծրի մասին առկա տեղեկություններից՝ Երկրի հետ այս աստերոիդի բախման հավանականությունը չափազանց փոքր է։

2023 DZ2.jpg (33 KB)

Ի՞նչ է արվում աստերոիդներից պաշտպանվելու համար

Մեծ չափերի երկնաքարերը Երկիր հասնելու դեպքում լուրջ ավերածությունների պատճառ կարող են դառնալ։ Գիտնականները համարում են, որ 1 կմ-ից ավելի տրամագծով մերձերկրյա ամենամեծ աստերոիդները կարող են աղետալի փոփոխություններ առաջացնել Երկրի հետ բախման դեպքում, նման սցենարի պարագայում դրանք կարող են ոչնչացնել մարդկային քաղաքակրթությունը և նույնիսկ հանգեցնել տեսակի լիակատար ոչնչացման: 140 մ-ից մինչև 1 կմ տրամագիծ ունեցող ավելի փոքր օբյեկտները Երկրի հետ բախման դեպքում կարող են տարածաշրջանային աղետների պատճառ դառնալ, ավերել ընդհուպ մինչև ամբողջական  մայրցամաքներ և հանգեցնել հարյուր միլիոնավոր մարդկանց մահվան:

Նման սցենարներից խուսափելու համար գիտնականները մշտապես ուսումնասիրում են տիեզերքը, որպեսզի պոտենցիալ վտանգավոր աստերոիդների մասին նախապես իմանան։ Երկիրը նման աստերոիդներից պաշտպանելու շրջանակում NASA-ն անցած տարի աշնանը հաջողությամբ իրականացրեց DART (Double Asteroid Redirection Test) առաքելությունը։ DART զոնդը հարվածել էր Դիդիմ աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆին, որպեսի պարզի, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի ուղեծիրը։ Առաքելության արդյունքները գերազանցել էին գիտնականների սպասելիքները։ Նրանց կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն փոխվել է 32 րոպեով, և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։

Երկրի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտներին վաղ փուլում հայտնաբերելու նպատակով NASA-ն նախատեսում է օգտագործել նաև Երկրի մերձակայքում գտնվող օբյեկտներին վերահսկող (Near-Earth Object (NEO) Surveyor) աստղադիտակը, որը պետք է գործարկվի 2026 թ․։ Ակնկալվում է, որ այն կկարողանա շատ արդյունավետ կերպով հետազոտել Արեգակնային համակարգը , ներառյալ կույր կետերը, որոնք առաջանում են արևի լույսի պատճառով։

Անցած տարի չինացիները վտանգավոր աստերոիդների մասին նախազգուշացնող նոր համակարգ էին առաջարկել։ Ըստ նախագծի՝ առաջարկվում է Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։ 

Այդուհանդերձ, կան, այսպես կոչված, պոտենցիալ մոլորակասպան աստերոիդներ, որոնք դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք «թաքնվում են» Արեգակի լույսի ներքո և աստղադիտակները չեն կարողանում ֆիքսել դրանք։ Նման մի աստերոիդ (2022 AP7) հայտնաբերվել էր 2022-ի նոյեմբերին։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ