Relativity Space-ի 3D տպագրությամբ կառուցված Terran 1 հրթիռը չի կարողացել հասնել նախանշված ուղեծիր

23 մարտի, 2023  12:19

Ամերիկյան Relativity Space ընկերության թեթև մեթանով աշխատող Terran 1 տիեզերանավը, որի կառուցման համար նախատեսված բաղադրիչների մոտ 85%-ը ստեղծվել է 3D տպիչով, չի կարողացել հասնել պլանավորված ուղեծիր։

Այնուամենայնիվ, ընկերությունում այս առաքելությունը մասամբ հաջողված են համարում, քանի որ նշում են, որ շատ տեղեկություններ են ստացել այսպիսի սարքերի շահագործման և տիեզերքում դրանց վարքագծի մասին, տեղեկացնում է Space.com-ը:

Good Luck, Have Fun (GLHF) առաքելության ժամանակ խնդիր է առաջացել հրթիռի երկրորդ փուլի հետ։ Հրթիռի թողարկման և ձախողման մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսնյութում, որը հավաքված է մի քանի վայրից արված տեսանյութերից:

Terran 1-ի առաջին փուլն ունի ինը Aeon հրթիռային շարժիչ, երկրորդը՝ միայն մեկը, դրանք նույնպես ստեղծվել են 3D տպագրության միջոցով։ Երեսուներեք մետր երկարություն ունեցող հրթիռը կարող է ի վերջո դառնալ մեթանի վառելիքով աշխատող առաջին մշակումը, որն ուղեծիր է դուրս կբերվի:

Terran 1-ի արձակումը բազմիցս է հետաձգվել, սակայն մարտի 23-ին Երևանի ժամանակով ժամը 07:25-ին արձակումը վերջապես տեղի է ունեցել Կանավերալ հրվանդանից, որը պատկանում է ԱՄՆ զինվորականներին։ Գործարկումից մոտ չորս րոպե անց Terran 1-ի երկրորդ փուլի շարժիչը խափանվել է, արդյունքում հրթիռը չի հասել 200-210 կմ բարձրության ուղեծիր։ Բարեբախտաբար, հրթիռի վրա չի եղել օգտակար բեռ, թեև տեսականորեն այն ունակ է մեկ տոննայից ավելի կշռող բեռ բարձրացնել Երկրի ցածր ուղեծիր։

Հրթիռի կարևոր առավելությունն արձակման համեմատաբար ցածր արժեքն է՝ 12 մլն դոլար: Relativity Space-ի ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ փորձի ընթացքում ստացված տվյալները կօգտագործվեն Terran R ավելի ծանր հրթիռի մշակման համար, որի բաղադրիչների 95%-ը կստեղծվեն 3D տպագրության միջոցով։ Նոր տարբերակը կկարողանա ուղեծիր դուրս բերել մինչև 20 տոննա բեռ, այն կրկին օգտագործելի կլինի, իսկ արձակումը նախատեսված է 2024 թ․։ Ըստ որոշ տեղեկությունների՝ արձակման այսպիսի ցածր արժեքի շնորհիվ այն կկարողանա մրցակցել SpaceX-ի Falcon 9 հրթիռի հետ։

Ընկերությունն ասել է, որ արդեն պայմանագրեր է կնքել NASA-ի ու ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ, իսկ 3D տպագրության տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս հրթիռներ ստեղծել ընդամենը երկու ամսում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ