Աշխարհի ամենաձախողակ աշխատողը․ նրա բոլոր գործատուները սնանկացել են և հայտնվել սկանդալների կիզակետում

23 մարտի, 2023  14:20

Փոդքաստեր և Bloomberg-ի հեղինակ Թրունգ Ֆանը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է աշխարհի թերևս ամենաձախողակ աշխատողի ռեզյումեն․ բոլոր ընկերությունները, որտեղ նա աշխատել է, սնանկացել են և հայտնվել սկանդալների կիզակետում: Փանն ասել է, որ այդ ռեզյումեն գտել է LinkedIn-ում:

2012 թ․ մարտից մինչև 2017 թ․ մարտը տվյալ անձը, ում անունը չի նշվում, աշխատել է Theranos-ում: Այս ընկերությունը հայտնի է նրանով, որ խոստանում էր ստեղծել կոմպակտ անալիզատոր, որը կարող է արագ կատարել բարդ հետազոտություններ և հիվանդություններն ախտորոշել մի քանի կաթիլ արյան միջոցով: Ընկերությունը հսկայական ներդրումներ էր ստացել, իսկ 2015 թ. դրա հիմնադիր Էլիզաբեթ Հոլմսը ԱՄՆ-ի ամենահարուստ կանանցից մեկն էր համարվում։ Սակայն հետագայում բացահայտվեց, որ ընկերությունը խարդախությամբ է զբաղվում. այն ճանաչվեց մեր ժամանակների խոշորագույն խարդախություններից մեկը և սնանկացավ, իսկ ընկերության հիմնադիրը վերջերս դատապարտվեց 11 տարվա ազատազրկման։

resume

Հաջորդ ընկերությունը, որտեղ ձախողակ մասնագետն աշխատել է, WeWork-ն է։ Ժամանակին այն քովորքինգի խոստումնալից ստարտափ էր, որը նախքան արժեթղթերի նախնական տեղաբաշխումը (IPO) գնահատվում էր 47 միլիարդ դոլար: Ավելի ուշ The New York Times-ը արժեթղթերի շուկա դուրս գալու ընկերության անհաջող փորձն անվանեց «ձախողում, որը նման չէ որևէ այլ բանի ստարտափների պատմության մեջ»: Այս ձախողումը կապում են ընկերության հիմնադիր Ադամ Նեյմանի կասկածելի կառավարման հետ։ Այստեղ անհաջող մասնագետն աշխատել է 2017 թ․ ապրիլից մինչև 2019 թ․ օգոստոսը։

Այս պատմությունից հետո նա որոշում է որոշ ժամանակ չաշխատել։ Նա իր ռեզյումեում գրել է, որ 2019-ի սեպտեմբերից մինչև 2020-ի սեպտեմբերը եղել է «funemployed»՝ նշելով. «Միայն թե տեսեք, թե ովքեր են իմ նախորդ գործատուները»։

2020 թ․ հոկտեմբերին նա աշխատանքի է անցել FTX-ում, որն այդ ժամանակ երրորդ խոշորագույն կրիպտոբորսան էր և որը սնանկացավ 2022 թ․ նոյեմբերին, իսկ դրա գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդն այժմ տնային կալանքի տակ է։

Այնուհետև անանուն անհաջողակն աշխատանքի է անցել Silicon Valley Bank-ում՝ Սիլիկոնային հովտի ստարտափների սիրելի բանկում, որը սնանկացավ այս տարվա մարտին և խուճապ առաջացրեց ձեռնարկատերերի մոտ և լուրջ ճգնաժամ բանկային և նույնիսկ կրիպտոարժույթների ոլորտում։

Մարտին ձախողակ աշխատողը տեղափոխվել է շվեյցարական Credit Suisse բանկ, որին անդրադառնալիս նա իր ռեզյումեում անվանում է «աշխարհի ամենամեծ և ամենակայուն բանկերից մեկը»: Այս բանկը, սակայն, սնանկացավ Silicon Valley Bank-ից անմիջապես հետո, և բանկի նոր աշխատակիցը, ըստ ամենայնի, նույնիսկ չի էլ հասցրել անցնել իր պարտականությունների կատարմանը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ