Ռյուգու աստերոիդի վրա վիտամին B3 և օրգանական այլ նյութեր են հայտնաբերվել

22 մարտի, 2023  22:01

Գիտնականները վիտամին B3 և այլ օրգանական նյութեր ու վիտամիններ են հայտնաբերել նմուշներից, որոնք ճապոնական «Հայաբուսա-2» (Hayabusa-2) ավտոմատ կայանը վերցրել է Ռյուգու աստերոիդի մակերեսից։

Ռյուգուն Երկրին մոտ գտնվող բազմաթիվ աստերոիդներից մեկն է։ Հետաքրքիր է, որ այն նույնիսկ Արեգակից ավելի մեծ է տարիքով: Եվ քանի որ այս աստերոիդի կառուցվածքում հայտնաբերվել են ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի հիմնական մասնիկներ՝ ազոտային հիմքեր, սա հուշում է, որ Արեգակնային համակարգում կենսաբանական կյանքի առաջացման համար անհրաժեշտ օրգանական միացությունները ձևավորվել են մոլորակների, այդ թվում՝ Երկրի, հայտնվելուց շատ առաջ։

Աստերոիդների խորքերում այս նյութերը կարողացել են «գոյատեւել»․ ճառագայթումը չի հասել նրանց և չի կարողացել ոչնչացնել դրանք: Թերևս հենց այնտեղից էլ այդ նյութերը հետո եկել են Երկիր:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Nature Communications-ի հոդվածը, հետազոտողները վերլուծել են աստերոիդի երկու տարբեր վայրերից վերցված նմուշները և հայտնաբերել ուրացիլ՝ ՌՆԹ-ի կառուցման բլոկներից մեկը, ինչպես նաև վիտամին B3 կամ նիասին, որը կենդանի օրգանիզմներում նյութափոխանակության հիմնական միացությունն է։

Նախկինում երկնաքարերում օրգանական նյութերը փնտրում էին՝ նմուշները դնելով ուժեղ տաքացված մրջնաթթվի մեջ, որը ծառայում էր որպես լուծիչ և նմուշներից օրգանական նյութեր էր կորզում հետագա վերլուծության համար: Մյուս կողմից, այս թթուն ոչնչացնում էր մի շարք միացություններ։

Վերջերս գիտնականները որպես լուծիչ սկսել են օգտագործել սովորական սառը թորած ջուրը։ Եվ նոր մեթոդի շնորհիվ ուսումնասիրված երկնաքարերի նմուշներում հնարավոր է եղել հայտնաբերել բոլոր չորս հիմնական ազոտային հիմքերը։ Ճիշտ է, գիտնականները մտավախություն ունեին, որ սովորական երկնաքարերի նմուշները կարող էին աղտոտված լինել Երկրի վրա ընկնելու ժամանակ: Այնուամենայնիվ, կոնկրետ Ռյուգուի նմուշները ստերիլ էին, և դրանց ուսումնասիրության ընթացքում որպես լուծիչ օգտագործվում էր տաք ջուր:

Երկնաքարի նմուշում հայտնաբերվել են նաև կենսաբանական այլ մոլեկուլներ, այդ թվում՝ մի շարք ամինաթթուներ, ամիններ և կարբոքսիլաթթուներ, որոնք առկա են սպիտակուցներում և համապատասխանաբար մասնակցում են նյութափոխանակությանը, նշել են գիտնականները։

Այժմ գիտնականներն անհամբեր սպասում են Բենու աստերոիդի նմուշներին, որոնք Երկիր կժամանեն 2023 թ. սեպտեմբերին, դրանք կառաքվեն OSIRIS-Rex միջմոլորակային ինքնաշխատ կայանի կողմից: Եթե ​​այս նմուշներում օրգանական նյութեր հայտնաբերվեն, դա կնշանակի, որ այդ նյութերը տիեզերքում շատ ավելի են տարածված, քան սովորաբար ենթադրվում էր:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ