Adobe-ն ներկայացրել է պատկերի ԱԲ-ով աշխատող գեներատոր․ այն չի խախտում հեղինակային իրավունքը

22 մարտի, 2023  14:08

Adobe ընկերությունը թողարկել է պատկերների հետ աշխատելու համար «արհեստական բանականության մոդելների գեներատիվ հավաքածուն»՝ Firefly-ը: Adobe-ի կողմից ներկայացված գործիքները, իհարկե, նախատեսված են ստեղծագործական մասնագիտություններ ունեցող մարդկանց համար, և դրանց տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ չեն խախտում հեղինակային իրավունքները. մոդելները ուսուցանվել են պատկերների վրա, որոնց հեղինակները թույլ են տվել, որպեսզի դրանք նման կիրառություն ունենան։

Ներկայացված առաջին ԱԲ գործիքը հանրաճանաչ DALL-E կամ Midjourney նեյրոնային ցանցերի անալոգն է. այն նաև թույլ է տալիս նկարներ ստեղծել տեքստային նկարագրությունից:

Adobe_AI_Firefly

Երկրորդ գործիքը թույլ է տալիս ստեղծագործ կերպով զարդարել տառերը, բառերը և կարծես WordArt-ի առաջադեմ տարբերակը լինի:

Adobe_AI_Firefly

Adobe-ը փորձում է հեշտացնել և պարզեցնել իր ԱԲ գործիքների օգտագործումը: Օրինակ, պատկերը ոճավորելու համար մանրամասն նկարագրություն մուտքագրելու փոխարեն, Adobe-ը ներկառուցված տարբերակներ է տրամադրում գեղարվեստական ոճերի, լուսավորության և կողմերի հարաբերակցության համար: Օգտատերերը նաև կկարողանան այս էֆեկտները կիրառել արդեն ստեղծված պատկերի վրա, այլ ոչ թե ամեն անգամ նորը ստեղծել: Տեքստային  էֆեկտ ստեղծելու գործիքն աշխատում է նույն կերպ՝ էֆեկտի չափի և ֆոնի գույնի ներկառուցված օպցիաներով:

Ապագա նախագծեր

Ապագայում Adobe-ը նախատեսում է գործարկել ավելի շատ ԱԲ գործիքներ, որոնք նաև հնարավորություն կտան խմբագրել պատկերները, վերափոխել դրանց մասերը, փոխել ոճը կամ գույները, փոխել առանձին օբյեկտներ կամ դրանց միջավայրը: Այս ամենը կարելի է անել տեքստային նկարագրությունների օգնությամբ։ Ընկերությունը խոստացել է նաև ներկայացնել 3D մոդելների պատկերների գեներատոր, էսքիզից պատկեր փոխարկիչ և շատ այլ գործիքներ:

Adobe-ն նախատեսում է նաև նկարիչներին հնարավորություն տալ Firefly-ին մարզել սեփական նկարների վրա, ինչը նրանց թույլ կտա միանգամայն յուրահատուկ ոճով պատկերներ ստեղծել:

Ավելի ուշ Adobe-ն նախատեսում է Firefly-ն ինտեգրել նաև իր հավելվածներում, այդ թվում՝ Photoshop-ում, Illustrator-ում և Premiere Pro-ում: Գործիքը կունենա վիզուալ պարզ ինտերֆեյս, իսկ դրա հետ աշխատելը կլինի հեշտ:

Ակնկալվում է նաև, որ Photoshop-ի Paint Bucket Tool գործիքը ևս կսկսի գործել ԱԲ-ով, Illustrator-ը կկարողանա ստեղծել ձեռքով նկարված էսքիզների վեկտորային տարբերակներ, իսկ Premiere Pro-ն թույլ կտա փոխել պատկերի գույնը կամ ոճը՝ օգտագործելով տեքստային նկարագրությունները:

Ճիշտ է, դեռ հայտնի չէ, թե բոլոր այս գործառույթները երբ հասանելի կլինեն։

Ինչպե՞ս մուտք գործել Firefly

Առայժմ Firefly-ը բետա թեստավորման փուլում է և հասանելի է միայն Adobe-ի կայքում: Այնուամենայնիվ, ոչ բոլորը կարող են մուտք գործել և օգտվել այս գործիքներից․ նախ պետք է հերթագրվել և սպասել հրավերի:


 
 
 
 
  • Արխիվ