Hubble-ը Մեծ Արջի համաստեղությունում գտնվող անկանոն պարուրաձև գալակտիկայի տպավորիչ լուսանկար է արել

21 մարտի, 2023  22:12

Hubble տիեզերական աստղադիտակը NGC 5486 գալակտիկայի նոր լուսանկար է արել, որում երևում են գալակտիկայի անկանոն ոլորվող պարուրաձև թևքերը։ Մեծ արջի համաստեղությունում գտնվող այս գալակտիկան, որտեղ նոր աստղեր են ձևավորվում, Երկրից 110 միլիոն լուսատարի հեռավորության վրա է գտնվում։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, գալակտիկայի անկանոն ոլորվող թևքերից բացի, լուսանկարում երևում է նաև դրա պայծառ միջուկը, իսկ հետևի ֆոնին կարելի է տեսնել նաև մի քանի ավելի թույլ և հեռավոր գալակտիկաներ։ Լուսանկարում երևացող վարդագույն հատվածներում ձևավորվում են աստղերը:

«Գալակտիկայի բարակ սկավառակը ներծծված է աստղերի ձևավորման վարդագույն շերտերով, որոնք առանձնանում են գալակտիկայի պայծառ միջուկի ցրված փայլից»,- ասվում է NASA-ի տարածած հաղորդագրությունում։

NGC 5486-ի պատկերն արվել է II տիպի գերնոր աստղերի ուսումնասիրությանը նվիրված նախագծի շրջանակում. դրանք խոշոր պայթյուններ են, որոնք տեղի են ունենում զանգվածային աստղի արագ փլուզումից հետո: Նման իրադարձություն NGC 5486-ում գրանցվել է 2004 թ., և այժմ աստղագետները Hubble-ի օգնությամբ ուսումնասիրում են դրա հետևանքները:

Անկանոն են համարվում գալակտիկաները, որոնք չունեն ո՛չ պարուրաձև, ո՛չ էլ էլիպսաձև կառուցվածք, ինչը հավանաբար ոչնչացվել է հարևանությամբ գտնված ավելի մեծ օբյեկտի գրավիտացիոն ուժի հետևանքով։ NGC 5486-ը գտնվում է շատ ավելի մեծ Pinwheel գալակտիկայի մոտակայքում, որը դասական պարուրաձև գալակտիկայի ամենահայտնի օրինակներից մեկն է:

Pinwheel գալակտիկան (NGC 5457) գտնվում է Երկրից մոտ 21 միլիոն լուսատարի հեռավորության վրա, այսինքն՝ Երկրին ամենամոտ գալակտիկաներից մեկն է։ Այն մոտ երկու անգամ մեծ է Ծիր Կաթինից, ունի հստակ ուրվագծվող պարուրաձև թևքեր և, ըստ հաշվարկների, այս գալակտիկայում կա ավելի քան մեկ տրիլիոն աստղ: Hubble-ը Pinwheel-ի լուսանկարն արել է 2006 թ․, այն ժամանակ դա պարուրաձև գալակտիկայի ամենամեծ և ամենաշատ դետալներ ունեցող պատկերն էր, որը երբևէ արվել էր տիեզերական աստղադիտակով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ