Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի խանութ բացել և մրցակցել Google-ի ու Apple-ի հետ

20 մարտի, 2023  16:03

Microsoft-ը նախատեսում է բջջային խաղերի նոր խանութ բացել՝ հիմնված Android-ի և iOS-ի վրա։ Այսպիսով, ընկերությունը կկարողանա մրցել Google-ի և Apple-ի և նրանց հավելվածների խանութների հետ:

Ըստ Financial Times-ի՝ նոր հավելվածների խանութի գործարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ հայտնի չէ, բայց այն, ամենայն հավանականությամբ, կբացվի 2024 թ., երբ կարգավորիչները հաստատեն Activision Blizzard-ը 68,7 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքը: Ըստ Xbox-ի ղեկավար Ֆիլ Սպենսերի՝ ընկերությունը կկարողանա առաջարկել Xbox-ը և բովանդակություն ինչպես Microsoft-ից, այնպես էլ գործընկերներից ցանկացած սարքի վրա:

«Մենք ցանկանում ենք լինել այնպիսի իրավիճակում, որ կարողանանք առաջարկել Xbox-ը և ինչպես մեր, այնպես էլ մեր երրորդ կողմի գործընկերների բովանդակությունը ցանկացած էկրանի համար, որով որևէ մեկը կցանկանա խաղալ»,- Game Developers Conference համաժողովի ժամանակ ասել է Սփենսերը:

Նրա խոսքով՝ այս պահին դա անհնար է անել շարժական սարքերի վրա, սակայն ընկերությունը ցանկանում է «կառուցել մի աշխարհ», որտեղ «նման սարքերը բաց կլինեն»։ Ամենայն հավանականությամբ խոսքը նոր կանոնների մասին է, որոնց համաձայն՝ Apple-ը և Google-ը հավելվածների երրորդ կողմի խանութներին պետք է թույլ տան օգտագործել իրենց բջջային հարթակները։

Ինչ վերաբերում է Microsoft-ի և Activision Blizzard-ի գործարքին, շատ ընկերություններ և անհատներ դեմ են դրան։ Օրինակ՝ 10 գեյմերներ դատարանի միջոցով փորձել են արգելափակել Microsoft-ի գործարքը Activision Blizzard-ի հետ, քանի որ, նրանց կարծիքով, այս գործարքը կորպորացիային չափազանց մեծ իշխանություն կտա և կօգնի ճնշել մրցակցությունը տեսախաղերի ոլորտում։

Google-ը և Nvidia-ն գործարքի վերաբերյալ նույնպես մտահոգություն են հայտնել ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովին: Alphabet կոնգլոմերատի մաս կազմող ընկերությունները պնդում են, որ միաձուլումը կարող է Microsoft-ին անարդար կերպով առավելություն տալ ամպային և բջջային խաղերի շուկաներում:

Վերջերս Եվրոպական հակամենաշնորհային հանձնաժողովը մեկ ամսով հետաձգեց Microsoft-ի և Activision Blizzard-ի գործարքը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, գերատեսչության մասնագետները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն փաստաթղթերը և խոսեն մրցակիցների ու սպառողների հետ։ Ակնկալվում է, որ վարչության որոշումը կհրապարակվի 2023 թ․ մայիսի 22-ին։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ