Գիտնականները օվկիանոսի խորքում նոր բակտերիա են հայտնաբերել, որը կարող է օգնել այլ մոլորակներում կյանք որոնելու հարցում

20 մարտի, 2023  17:42

Երկրի օվկիանոսների խորը հատակում գիտնականները հայտնաբերել են բակտերիայի նոր տեսակ, որը բարգավաճում է ստորջրյա տաք աղբյուրներում: Ըստ գիտնականների՝ նոր բակտերիան կարող է օգնել այլ մոլորակներում կյանք որոնելու հարցում։

Նման տաք աղբյուրներ, ըստ Nature ամսագրում հրապարակված ուսումնասիրության, հավանաբար, կան նաև օվկիանոսային աշխարհներում, ինչպիսիք են Յուպիտերի արբանյակ Եվրոպան և Սատուրնի արբանյակ Էնցելադուսը։ Ուստի, ըստ աստղագետների, այս դիտարկումները խորացնում են մարդկության պատկերացումները այն ձևերի մասին, որոնք կարող է ստանալ այլմոլորակային կյանքը այդ արբանյակների վրա։

Նորահայտ բակտերիան՝ Sulfurimonas pluma-ն, պատկանում է օրգանիզմների ընտանիքին, որոնք մինչ օրս հայտնի էին միայն Երկրի ծովի հատակի հրաբխային անցքերից, քանի որ այս բակտերիան չի կարող հանդուրժել թթվածնի բարձր մակարդակը ջրում: Հետևաբար, գիտնականները զարմացել են, երբ գտել են այս ընտանիքի նոր անդամ, որն ավելի փոքր է, քան ընտանիքի մյուս անդամները և որը բարգավաճում է թթվածնով հարուստ ջրերում նրանցից հարյուրավոր մետր հեռավորության վրա:

«Շատ հուզիչ էր տեսնել, որ այդ միկրոօրգանիզմները ոչ միայն առատ են, այլև շատ ակտիվ են ստորջրյա աղբյուրներում»,- Space.com-ին ասել է Գերմանիայի Մաքս Պլանկի ծովային մանրէաբանության ինստիտուտի գիտնական Մասիմիլիանո Մոլարին: Նա գլխավորել է վերջերս հրապարակված մի հետազոտություն, որը պարզել է, որ Sulfurimonas pluma-ն եզակի գենետիկ փոփոխությունների է ենթարկվել, որոնք թույլ են տալիս դրան ոչ միայն հարմարվել, այլև զարգանալ Երկրի օվկիանոսային պայմանների լայն դիապազոնում։

Այդ գենետիկ փոփոխություններից մեկի շնորհիվ բակտերիան բազմաթիվ աղբյուրներից էներգիա ստանալու հնարավորություն է ձեռք բերել և դրա շնորհիվ առատորեն հանդիպում է ծովի հատակին ջրածնով հարուստ և  դրանցից հազարավոր կիլոմետրեր հեռու թթվածնով հարուստ տարածքներում։

Հետազոտողները պարզել են, որ օրգանիզմը հիմնականում օգտագործում է ջրածին ամենուր բազմանալու և աճելու համար։ «Նախկինում այսպիսի միջավայրում նման բան չի նկատվել», - ասել է Մոլարին:

Ըստ գիտնականների՝ եթե Sulfurimonas pluma-ի նման օրգանիզմներ կան Եվրոպայի և Էնցելադուսի օվկիանոսներում, այս հետազոտության արդյունքները կարող են նշանակել, որ այդ օրգանիզմների ապացույցների հայտնաբերման հավանականությունն ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր: «Եթե կյանքն առկա է Եվրոպայում կամ Էնցելադուսում, ապա, ամենայն հավանականությամբ, այդ կենսոլորտում ապրող շատ տարբեր օրգանիզմներ կլինեն»,- ասել է Կալիֆոռնիայի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (NASA) գիտնական Մորգան Քեյբլը, որը ներգրավված չէ հետազոտության մեջ:

Գիտնականները հույս ունեն, որ այդ օրգանիզմները կհայտնաբերվեն ապագա առաքելությունների միջոցով, որոնք Երկրից դուրս կյանք կփնտրեն, ներառյալ NASA-ի Europa Clipper-ը, որը կգործարկվի 2024 թ․ և կուսումնասիրի, թե որքանով կարող է Եվրոպա արբանյակը բնակելի լինել, և Enceladus Orbilander-ը, որը կյանքի նշաններ է որոնելու Էնցելադուսի մակերեսին:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ