Թվային տրասնֆորմացիան ԱԲ-ի հետ միասին կարող է փոխել դեղերի ստեղծման և բուժումների ձևերը. Չաք Մատերա

6 հոկտեմբերի, 2022  13:30

6G ցանցերի ներդրումը, որը կիրագործվի առաջիկա տասնամյակում, խոստանում է անխափան կապ ապահովել թվային, մարդկանց և ֆիզիկական աշխարհների միջև։ Այս մասին Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին (GIF22) իր ելույթում նշեց ամերիկյան Coherent ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Չաք Մատերան, ով իտալական եւ հայկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցիչ է: 

Coherent-ի կապը արհեստական բանականության հետ

Coherent-ը ֆոտոնային սարքավորումների առաջատար է, որոնք օգտագործվում են հեռահաղորդակցության ոլորտում, նշեց ընկերության գործադիր տնօրենը:

«Մեր հաճախորդներն աշխատում են տեղեկատվական, տվյալների փոխանցման, պահպանման և մշակման ոլորտներում։ Մենք ապահովում ենք արհեստական բանականության համար անհրաժեշտ սարքավորումների անընդհատ փոփոխվող պահանջարկի բավարարումը՝ արագություն, էներգիայի խնայողություն, մեծածավալ հիշողություն և այլ պահանջներ նույն արժեքներով»։

Coherent-ը հիմնականում մատակարարում է նյութերի մշակման լազերային տեխնոլոգիաներ: Վերջին շրջանում այդ ոլորտում եւս սկսել են արհեստական բանականություն ներդնել:

«Կենսագիտության ոլորտում մենք հիմնական ընկերությունն ենք, որը բժշկական ախտորոշման լազերներ է մատակարարում: Մենք արհեստական բանականության ընկերություն չենք, թեպետ շատ ենք ԱԲ կիրառում համակարգային սպասարկման բիզնեսում, որպեսզի մեր հաճախորդներին օգնենք արտադրողականության բարձր մակարդակ պահպանել, թե ինչպես կարող ենք աշխարհն ավելի ապահով ու արդյունավետ դարձնել: Դա մեր առաքելությունն ու նպատակն է»։

6G ցանցերի ներդրումը կփոխի պատկերացումները հեռահաղորդակցության վերաբերյալ

«6G ցանցերի ներդրումը, որը կիրագործվի առաջիկա տասնամյակում, խոստանում է անխափան կապ ապահովել թվային, մարդկանց և ֆիզիկական աշխարհների միջև՝ մետավերս (թվային միջավայր)՝ ապահովելով խելացի կապի նոր ծառայություններ՝ կապակցելով անհատներին, նրանց ԱԲ երկվորյակներին, իրերի ինտերնետը եւ միջավայրը՝ օգտագործելով բարդ ցանցեր: Ցանցային կապերը հնարավոր կդառնան լազերային օպտիկայի միջոցով, որոնք կաշխատեն գերարագ եւ ավելի քիչ էներգիա կծախսեն, քան ներկա տեխնիկական միջոցները»:

Արհեստական բանականությունն անհրաժեշտություն է

Չաք Մատերայի խոսքով, այսօր արհեստական բանականություն անհրաժեշտություն է հեռահաղորդակցության բոլոր բաղադրիչների համար՝ սկսած պլանավորումից և կառուցումից, մինչև գործառնություններ, որտեղ ԱԲ-ն օգտագործվում է ցանցի օպտիմալացման համար։

«Ակնկալվում է, որ թվային տրասնֆորմացիան՝ ԱԲ-ի հետ միասին կփոխի դեղերի ստեղծման և բուժումների ձևերը՝ հիմնվելով սինթետիկ կենսաբանության, կենսաֆոտոնիկայի, լազերների վրա հիմնված ախտորոշման և վերահսկման ալգորիթմների վրա»։

«Թվում է՝ երկրագունդը շատ ցուրտ տեղ է, բայց ցանկացած վայր կարելի է ավելի ջերմացնել, եթե բարի լինես բոլորի նկատմամբ: Բարությունն ու սերը այս ցուրտ աշխարհը տաքացնելու: Եթե ԱԲ-ն կարողանա օգնել այդ հարցում, ես երկու ձեռքով դրան կողմ եմ», - ելույթն ամփոփելով` ասաց Մատերան։

Նշենք, որ Երևանում, հոկտեմբերի 5-ին մեկնարկել է «Գլոբալ ինովացիոն ֆորում 2022»-ը` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը։

NEWS.am-ը հանդիսանում է Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ի ինֆորմացիոն գործընկերը:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ