Huawei Pura 70 Ultra. արդյոք նոր սմարթֆոնն ստացել է աշխարհի լավագույն տեսախցիկը

10 մայիսի, 2024  20:10

Վերջերս թողարկված Huawei Pura 70 Ultra-ը կարող է դառնալ սմարթֆոն, որն ստացել է աշխարհի լավագույն տեսախցիկը: Համենայնդեպս, այդպես են կարծում առնվազն DxOMark-ի փորձագետները, որոնք փորձարկել են սարքը:

Առաջատար Huawei Pura 70 Ultra-ն ունի հիմնական տեսախցիկ՝ 50 ՄՊ սենսորով, որը համալրված է 40 ՄՊ գերլայնանկյուն մոդուլով և 50 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակով։ Իր հնարավորություններով չի զիջում նաև առջևի տեսախցիկը, որը ներկայացված է 13 ՄՊ սենսորով։

DxOMark-ի փորձագետները նշել են, որ տեսախցիկների այս բազմակողմանի հավաքածուն ապահովում է բարձրորակ նկարահանում տարբեր պայմաններում: Նրանք բարձր են գնահատել տեսախցիկի էքսպոզիցիայի ճշգրտությունը, գույների վերարտադրումը և ավտոմատ ֆոկուսը: Բացի դրանից՝ բարձր որակ է ապահովում խոշորացման գործառույթը՝ բոկե բնական էֆեկտով դիմանկարի ռեժիմում արված կադրերի դեպքում։

Այնուամենայնիվ, փորձագետները նշել են նաև մի թերություն՝ տեսագրման ռեժիմում ցածր լույսի պայմաններում տեղի է ունենում դետալների կորուստ:

Թեստի արդյունքներով Huawei Pura 70 Ultra-ն ստացել է տպավորիչ 163 միավոր, ինչի շնորհիվ այն զբաղեցրել է առաջին տեղը լավագույն տեսախցիկներով սմարթֆոնների վարկանիշում։

Հետաքրքիր է, որ լավագույն տեսախցիկներով սմարթֆոնների մեծ մասն արտադրել է Huawei-ը։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Huawei-ի նախկին դուստր ընկերություն Honor ապրանքանիշի Magic6 Pro սմարթֆոնը (158 միավոր): Huawei-ի մեկ այլ արտադրանք՝ Mate 60 Pro+-ը, երրորդ տեղը կիսում է Oppo Find X7 Ultra-ի հետ (157 միավոր), իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Huawei P60 Pro-ն։ Apple iPhone 15 Pro Max-ը 154 միավորով զբաղեցնում է վարկանիշի միայն վեցերորդ տեղը։

Հիշեցնենք, որ 2023-ի նոյեմբերին, ըստ DxOMark-ի, աշխարհում լավագույնն էր համարվում Huawei Mate 60 Pro+ սմարթֆոնի տեսախցիկը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ