OpenAI-ը ChatGPT-ն կվերածի ԱԲ որոնման համակարգի և կմրցի Google-ի հետ

8 մայիսի, 2024  22:45

OpenAI ընկերությունը արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող իր ChatGPT չատբոտի համար մշակում է համացանցում որոնում կատարելու գործառույթ: Ալգորիթմը կկարողանա գտնել օգտատերերին հետաքրքրող տեղեկություններ, ինչպես նաև հղումներ տրամադրել աղբյուրներին, որոնցից օգտվել է: Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը, ըստ որի՝ OpenAI-ը նաև մտադիր է մրցակցել վեբ որոնման ոլորտում Google-ի և Alphabet-ին պատկանող Perplexity ստարտափի հետ։

Նաև նշվում է, որ ChatGPT-ն օգտատերերի հարցումներին տրված պատասխանում կարող է ներառել տեղեկություն համացանցից, ինչպես նաև հղումներ դեպի աղբյուրներ, ինչպիսիք են Վիքիպեդիան և բլոգային գրառումները: Գործակալության տվյալներով՝ հնարավոր է, որ չատբոտի տարբերակներից մեկը տեքստային պատասխանի հետ մեկտեղ նաև համապատասխան պատկերներ տրամադրի այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է։ Օրինակ՝ եթե օգտատերը հարցնում է, թե ինչպես փոխարինել դռան բռնակը, պատասխանը կարող է պարունակել պատկեր, որը ցույց է տալիս այս խնդրի լուծման գործընթացը:

Նման պրոդուկտ թողարկելու՝ OpenAI-ի մտադրության մասին լրատվամիջոցները գրում էին դեռ այս տարվա փետրվարին, սակայն մանրամասները, թե ինչպես է այն աշխատելու, դեռ անհայտ էին մնում: OpenAI-ի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանություն տալ հարցի վերաբերյալ։

OpenAI-ը ձգտում է ընդլայնել իր ԱԲ հնարավորությունները, քանի որ մրցակցությունն այս ոլորտում գնալով ավելի խիստ է դառնում: Perplexity ստարտափն արդեն ճանաչում է ձեռք բերել ԱԲ վրա հիմնված սեփական որոնողական համակարգի շնորհիվ, որը կենտրոնանում է պատասխանների և մեջբերումների ճշգրտության վրա։ Ինտերնետային որոնողական հսկա Google-ը նույնպես փորձում է վերաարժեվորել իր որոնողական համակարգը՝ դրանում ավելացնելով ԱԲ գործառույթներ: Ակնկալվում է, որ ընկերությունը իր ծրագրերի և Gemini-ի ալգորիթմների ապագայի մասին կխոսի իր ամենամյա I/O համաժողովի ժամանակ, որը կանցկացվի հաջորդ շաբաթ։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ