ԱԲ-ն կկարողանա ձայնից հասկանալ մարդու հույզերը. որտե՞ղ այն կարող է օգտագործվել

2 մայիսի, 2024  18:37

Արհեստական բանականության (ԱԲ) մոդելը կարող է մարդկանց ձայնում ճանաչել այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են անհանգստությունն ու վախը: Մոդելի մշակողը հույս ունի, որ այն կօգնի ճգնաժամային կենտրոններում գտնվող հեռախոսավարներին ինքնասպանությունները կանխելու գործում։

Ճգնաժամային կենտրոններ զանգահարողների հուզական վիճակի գնահատումը կարևոր է ինքնասպանություն գործելու մարդու մտադրությունը բացահայտելու և դա կանխելու համար: Ձայնը կարող է տեղեկություն փոխանցել մարդու հոգեկան և հուզական վիճակի մասին, սակայն օպերատորի համար դժվար է գնահատել ինքնասպանության ռիսկը, հատկապես զանգահարողների ծայրահեղ հուզական անկայունության պայմաններում:

Ինչպես տեղեկացնում է Newatlas.com-ը, այս խնդրի լուծումն առաջարկել է Մոնրեալի Կոնկորդիա համալսարանի ասպիրանտ Ալաա Նֆիսսին։ Նրա ստեղծած ԱԲ մոդելը ճանաչում է խոսքում առկա հույզերը։ Սովորաբար նման գնահատական տալիս են հոգեբանները, ինչը պահանջում է շատ ժամանակ և փորձ, սակայն խորը ուսուցման մոդելը կարողացել է արդյունավետ կերպով ճանաչել զգացմունքները:

Մոդելին ուսուցանելու համար օգտագործվել են ճգնաժամային հեռախոսահամարին ստացված հեռախոսազանգերի իրական ձայնագրությունների տվյալների բազան և դերասանների ձայնագրությունները, որոնցում որոշակի էմոցիաներ են փոխանցվում։ Արդյունքները ցույց են տվել, որ մոդելը բավական բարձր ճշգրությամբ ճանաչում է վախը/անհանգստությունը (82% ճիշտ պատասխան), տխրությունը (77%), զայրույթը (72%) և չեզոք վիճակը (78%):

Ալաա Նֆիսսին վստահ է, որ իր մշակած մոդելը կարող է օգտագործվել որպես օժանդակ գործիք ճգնաժամային կենտրոնների աշխատանքի համար և կարող է օգնել օպերատորներին, որպեսզի իրական ժամանակում կարողանան գնահատել իրենց զրուցակիցների վիճակը և համապատասխան որոշումներ կայացնել: Սա, նրա կարծիքով, կարող է զգալիորեն օգնել ինքնասպանությունները կանխելու հարցում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ