Հոկտեմբերի 4-6-ը Հայաստանում կանցկացվի «ԴիջիԹեք 2024» ցուցահանդեսը

30 ապրիլի, 2024  16:46

Հոկտեմբերի 4-6-ը Հայաստանում 19-րդ տարին անընդմեջ կանցկացվի տարածաշրջանի տեխնոլոգիական ամենածավալուն ցուցահանդեսը՝ «ԴիջիԹեք 2024»-ը, տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ):

«ԴիջիԹեք»-ին ներկայանալու են մի շարք հայտնի և առաջին անգամ ներկայացող՝ նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից։

Բացի դրանից՝ այս տարի ցուցահանդեսը բաց է լինելու բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար, իսկ այցելուները ծանոթանալու են տեխնոլոգիական աշխարհի ամենաթարմ զարգացումներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին:

Այս տարի ևս ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ-ն մինչև 100%-ով կհովանավորի այսպիսի ընկերությունների մասնակցությունը։

Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է բացառապես անվճար, ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում (http://www.digitec.am)։

«ԴիջիԹեք» ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացնում է ԱՏՁՄ-ն 2005-ից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Վերջին տարիներին այստեղ ներկայանում են նաև ընկերություններ հարևան երկրներից, քանի որ այն ամենախոշոր տեխնոլոգիական հարթակն է տարածաշրջանում։

Ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում և արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան: Այն հարթակ է, ուր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները կիսվում են իրենց ձեռքբերումներով, հաստատում կապեր և հեռանկարային համագործակցություն տեղի և միջազգային ընկերությունների ու ներդրողների հետ։

«ԴիջիԹեք 2024»-ն այս տարի կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ