Ե՞րբ Apple-ը կթողարկի Vision Pro 2-ն

30 ապրիլի, 2024  22:18

Apple-ը չի նախատեսում թողարկել իր Vision Pro խառը իրականության սարքի երկրորդ սերնդի տարբերակը մինչև 2026-ի վերջը: Այսպես, համենայնդեպս, կարծում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը։

Նրա խոսքով՝ Apple-ի Vision Pro-ի նոր ճանապարհային քարտեզը «չի ներառում երկրորդ սերնդի մոդելի թողարկումը մինչև 2026-ի վերջը»։ Ավելի վաղ՝ 2024-ի փետրվարին, Գուրմանը ենթադրել էր, որ Vision Pro 2-ը կարող է ներկայացվել 2025-ի ամռանը, այսինքն՝ առաջին մոդելի թողարկումից 18 ամիս անց։

Գուրմանի աղբյուրները պնդում են, որ Apple-ը դեռ ուղիներ է փնտրում սարքն ավելի հասանելի դարձնելու համար, սակայն զգալի առաջընթաց այս ուղղությամբ դեռ չի գրանցվել, հայտնում է MacRumors։

Գուրմանի կարծիքը կիսում է մեկ այլ հայտնի ինսայդեր Մինգ-Չի Կուոն, որը փետրվարին կարծիք էր հայտնել, որ էական փոփոխություններով նոր Vision Pro մոդելների զանգվածային արտադրություն չի սկսվի մինչև 2027-ը։

Հնարավոր է, որ Apple-ի ծրագրերը փոխվեն, երբ Vision Pro-ն դուրս գա այլ երկրների շուկա: Սպասվում է, որ որոշ տարածաշրջաններում, ինչպիսիք են Չինաստանը և Մեծ Բրիտանիան, սարքը վաճառքի կհանվի մինչև հունիսի 10-ին նախատեսված WWDC 24 համաժողովի մեկնարկը։

Մյուս կողմից՝ Vision Pro-ի վատ պահանջարկն Apple-ին ստիպում է կրճատել մատակարարումները և վերանայել նախագիծը. Մինգ-Չի Կուոյի տվյալներով՝ Apple-ն այժմ նախատեսում է 2024-ին վաճառել ընդամենը մոտ 400,000–450,000 միավոր՝ նախկինում ակնկալվող 700,000–800,000 միավորից շատ ավելի քիչ։

Ավելին, Vision Pro-ի վաճառքի մեկնարկից ընդամենը երեք ամիս անց, երկրորդային շուկայում վաճառքն սկսեց կտրուկ նվազել. մարդիկ զգալի զեղչերով վերավաճառում են գնած այս սարքը, ինչը կարող է նաև վկայել այն մասին, որ այս սարքի նկատմամբ դեռ մեծ հետաքրքրություն չկա, և հետևաբար, ընկերությունն ակնհայտորեն չպետք է շտապի նոր սերնդին սարքի թողարկման հարցում։


 
 
 
 
  • Արխիվ