ՀՀ ԳԱԱ-ի և Աթենքի Ակադեմիայի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

26 ապրիլի, 2024  13:22

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և Աթենքի Ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ստամատիոս Կրիմիզիսը ապրիլի 25-ին համագործակցության հուշագիր են ստորագրել, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախկին նախագահ, Աթենքի Ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Պրոկոպիոս Պավլոպուլոսը, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ Միխաիլ Ստաթոպուլոսը և Աթենքի Ակադեմիայի գլխավոր քարտուղար Խրիստոս Զերեֆոսը։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտահետազոտական ծրագրեր, կազմակերպել գիտաժողովներ, կոնգրեսներ, աշխատաժողովներ, ամառային դպրոցներ, նաև համատեղ իրականացնել գիտնականների փոխանակման ծրագրեր և գիտական նյութերի հրապարակումներ։ Նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված գիտության դերի մասին հասարակական կարծիքի ամրապնդմանը։

Համագործակցությունը կներառի մի շարք ոլորտներ՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա և ճարտարագիտություն, մեխանիկա, նոր նյութեր և առաջադեմ տեխնոլոգիաներ, կյանքի որակ, կենսաբժշկություն և կենսատեխնոլոգիա, կենսաբազմազանություն, կենսառեսուրսներ և էկոլոգիա, կլիմայի փոփոխություն,  բնական և տեխնածին աղետներ, աստղագիտություն, տիեզերական հետազոտություն և տեխնոլոգիա, պատմամշակութային ժառանգություն և ազգային ինքնություն, մարդ և հասարակություն։

Միջոցառման ժամանակ ժամանակ նշվել է, որ այս փոխգործակցությունը կամրապնդի և կզարգացնի հարաբերությունները երկու ակադեմիաների միջև՝ նպաստելով Էլլենական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամության ամրապնդմանը և բարգավաճմանը։

Հունաստան այցի ժամանակ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ապրիլի 24-ին մասնակցել է հայ համայնքի հետ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

ԳԱԱ 2.JPG (96 KB)


 
 
 
 
  • Արխիվ